Կուբայի իշխանությունները հայտարարել են հաջորդ շաբաթ Հավանա ռուսական չորս նավերի, այդ թվում՝ «Կազան» միջուկային սուզանավի եւ «Ադմիրալ Գորշկով» հրթիռային ֆրեգատի ժամանելու մասին: Միաժամանակ ընդգծվել է, որ ՌԴ ռազմածովային ուժերի նավերը միջուկային զենք չեն կրում եւ վտանգ չեն ներկայացնում տարածաշրջանի համար, հայտնում է Reuters-ը։
«Այցը համահունչ է Կուբայի եւ Ռուսաստանի պատմական բարեկամական հարաբերություններին եւ խստորեն համապատասխանում է միջազգային կանոններին», — ասվում է Կուբայի ԱԳՆ-ի հունիսի 6-ին տարածած հայտարարության մեջ:
Հավանան Կարիբյան ծով ռուսական ռազմանավերի ժամանելու մասին հայտնում է մամուլում շրջանառված հրապարակումներից մեկ օր անց։ Անանուն մնալու պայմանով ԱՄՆ նախագահի վարչակազմի պաշտոնյան հայտնել էր, որ բացի Կուբայից ռուսական կողմը զորավարժություններ կանցկացնի նաեւ Վենեսուելայի հետ։
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին ամերիկյան CNN-ի հետ զորույցում հայտարարել էր, որ Վաշինգտոնը Կուբա ռուսական նավերի ժամանման մեջ որեւէ սպառնալիք չի տեսնում իր անվտանգության համար։
«Մենք ուշադիր հետեւելու ենք նրանց․․․ Մենք չենք ակնկալում, որ այս իրադարձությունը վտանգ կներկայացնի մեր ազգային անվտանգությանը»,-ասել է Կիրբին։
Կուբայի ղեկավարության տեղեկություններով՝ ռուսական նավերը Հավանա կժամանեն հունիսի 12-ից հունիսի 17-ն ընկած ժամանակահատվածում։