Ֆրանսիան Ուկրաինային կմատակարարի արդիականացված «Mirage 2000-5» կործանիչներ՝ որպես ռազմական օգնություն, հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը։
«Վաղը մենք կսկսենք նոր համագործակցություն եւ կհայտարարենք «Mirage 2000-5» ֆրանսիական մարտական ինքնաթիռի տեղափոխման մասին, որը թույլ կտա Ուկրաինային պաշտպանել իր հողը, իր օդային տարածքը»,-ասել է Մակրոնը ֆրանսիական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ։ Միեւնույն ժամանակ նախագահը չի հստակեցրել, թե որքան ինքնաթիռ է պատրաստվում Փարիզը փոխանցել Կիեւին։
Մակրոնը նաեւ նշել է, որ բացի այս, Փարիզը նաեւ կկազմակերպի վեցամսյա դասընթացներ ուկրաինացի օդաչուների պատրաստման համար, ինչպես նաեւ մտադիր է մասնակցել ուկրաինական 4500 զինվորներից բաղկացած բրիգադի վարժանքներին։
Հունիսի 7-ին Փարիզում տեղի կունենան Ֆրանսիայի եւ Ուկրաինայի նախագահների պաշտոնական բանակցությունները։ Սպասվում է, որ կողմերը կստորագրեն երկու համաձայնագիր, որոնք կնախատեսեն Կիեւին 650 միլիոն եվրոյի հատկացում վարկերի եւ դրամաշնորհների տեսքով՝ տեղական իշխանություններին եւ կարեւոր ենթակառուցվածքներին աջակցելու համար։