Հայաստանի Հանրապետությունը չունի տարածքային պահանջներ իր որեւէ հարեւանից, այդ թվում եւ`Ադրբեջանից, իսկ ՀՀ Սահմանադրությունը եւ նրա փոփոխությունները Հայաստանի ներքին գործն են։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը՝ ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախօրեին հնչեցրած այն հայտարարությունների, որ խաղաղության պայմանագիր հնարավոր չի լինի կնքել Հայաստանի հետ, եթե գործող սահմանադրությունը չփոխվի, որն ըստ նրա տարածքային պահանջներ է պարունակում հարեւան երկրների նկատմամբ։
ՀՀ ԱԳ նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀ Սահմանադրության շուրջ դեռեւս 2018 թվականից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն Հայաստանի երկրի ներքին գործերին։
«Միաժամանակ համարում ենք, որ նման խոսույթը տորպեդահարում է խաղաղության գործընթացը եւ կասկածի տակ է դնում Ադրբեջանի ղեկավարության՝ խաղաղության հասնելու անկեղծությունը: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցվող Խաղաղության համաձայնագիրը հստակորեն ամրագրում է, որ Կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ տարածքային պահանջներ չունեն միմյանց նկատմամբ: Խաղաղության համաձայնագրի նախագծում համաձայնեցված դրույթ կա նաեւ այն մասին, որ կողմերից որեւէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը Խաղաղության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար»,-ասվում է ԱԳ նախարարության հայտարարության մեջ եւ հավելվում, որ համաձայնագրի ստորագրումը եւ ներպետական ընթացակարգերով վավերացումը վերջնականորեն կամրագրեն այս սկզբունքները:
Հայաստանի արտաքին գերատեսչությունը նաեւ նշում է, որ կողմերի բոլոր մտահոգությունները փարատելու ամենահստակ եւ ուղիղ ճանապարհը հենց Համաձայնագրի ստորագրումն է, որով երկարաժամկետ խաղաղության էջ կբացվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, եւ հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական եւ ինտենսիվ աշխատել՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում այն ամբողջացնելու եւ ստորագրելու ուղղությամբ»,-եզրափակվում է հայտարարությունը: