Հայաստանի Լոռու եւ Տավուշի մարզերում հեղեղներից տուժած բնակչության համար նախատեսված Իրանի մարդասիրական օգնությունը ժամանել է Հայաստան, որը իրանական Կարմիր Մահիկի եւ հայկական Կարմիր Խաչի ընկերության աշխատակիցները հունիսի 7-ին կհասցնեն Ալավերդի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կապակցությամբ Հայկական Կարմիր խաչի ընկերությունում տեղի է ունեցել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Բահրամ Թահերիի, քաղաքական հարցերով խորհրդական Մուհամեդ Ջավադ Ալավիի, Իրանի Կարմիր մահիկի ներկայացուցչի եւ Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանի հանդիպումը։
«Չնայած առիթը ողբերգական է, սակայն պետք է նշել, որ սա եւս մեկ անգամ փաստում է երկու հարեւան երկրների մարդասիրական առաքելություն իրականացնող կազմակերպությունների սերտ համագործակցությունը։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, անդավաճան մնալով իր սկզբունքներին, վերահաստատում է երկկողմ գործակցության կարեւորությունը եւ հույս հայտնում ավելի լայն շրջանակի ներառման՝ հարաբերությունների սերտացման համար։ Մենք համոզված ենք, որ տարիների ընթացքում ձեւավորված կապն առավել մեծ գաղափարներ կարող է կյանքի կոչել՝ ի նպաստ երկու կազմակերպությունների շահառուների։ Տարածաշրջանում խնդիրները, աղետները պատերազմներն ու այլ վտանգները շատ են, եւ հենց այդ պատճառով էլ երկու կազմակերպությունների համատեղ աշխատանքը կարեւոր է, քանի որ մեզ համար գերագույն արժեքը մարդն է»,-ասաց Ներսիսյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին այս դժվարին պահին ցուցաբերած աջակցության համար։
Հայաստանում Իրանի փոխդեսպան Բահրամ Թահերին էլ Իրանի ժողովրդի ու դեսպանատան անունից նախ կարեկցանք ու ցավակցություն է հայտնել աղետի հետեւանքով տուժած անձանց ու հարազատներին, ապա շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանն ու ժողովրդին ուղղաթիռի վթարի հետեւանքով երկրի նախագահի Էբրահիմ Ռաիսիի, արտգործնախարարի եւ նրանց ուղեկցող պատվիրակության զոհվելու կապակցությամբ ցուցաբերած կարեկցանքի համար։
Այդ համատեքստում դիվանագետը կարեւորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն Իրան եւ հանդիպումները երկրի հոգեւոր առաջնորդի եւ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հետ՝ նշելով, որ դրան զուգահեռ Հայաստանի նախագահը, խորհրդարանի ղեկավարը, բարձրաստիճան պաշտոնյաներ ու մեծաթիվ քաղաքացիներ այցելեցին Իրանի դեսպանատուն եւ հարգանքի տուրք մատուցեցին։
«Պատմությունն է վկայում, որ մենք՝ երկու երկրների ժողովուրդները, միշտ եղել ենք իրար կողքի՝ թե՛ լավ, թե՛ վատ օրերին, եւ այդպես էլ շարունակվելու է։ Հայաստանում ջրհեղեղի մասին տեղեկանալուց հետո իրանական Կարմիր մահիկը պատրաստակամություն է հայտնել անմիջապես աջակցություն փոխանցել տուժածներին։ Այսօր այստեղ ենք, որպեսզի Իրանի ժողովրդի կողմից փոխանցված այս փոքրիկ օգնությունը հանձնենք հայկական կողմի տուժածներին։ Գիտենք, որ վնասները բավականին մեծ են, բայց այս փոքրիկ օգնությունը կկարողանա ինչ-որ չափով աջակից լինել»,-ասել է Իրանի փոխդեսպանը՝ հավաստիացնելով, որ նման դեպքերում իրանական կողմը պատրաստ է մշտապես աջակցել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ իրանական կողմի մարդասիրական օգնությունը ներառում է պահածոյացված սնունդ, վրան-ծածկոցներ, անկողային պարագաներ, սպասքի եւ սանիտարական հավաքածուներ եւ այլն։