ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 7-ի նիստում հավանություն է տվել «ՀՀ կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին:
Նիստին հիմնական զեկուցող Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նշել է, որ համաձայնագրով սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, անհրաժեշտ մասնագետների եւ տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացը, ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին աջակցությունը եւ համագործակցության իրականացման միջոցները:
Նախարարի տեղակալի խոսքով համաձայնագրի դրույթների իրագործման համար կողմերի լիազոր մարմին են հանդիսանալու երկու երկրների պաշտպանության նախարարությունները, ստեղծվելու է ռազմատեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողով:
«Այս համաձայնագիրը հնարավորություն է տալիս էլ ավելի ընդլայնված համագործակցություն ունենալ ոչ միայն ռազմական արտադրությունների համատեղ տեղադրման, այլեւ մեր զինվորների պատրաստվածության հարցում»,- ասել է հարակից զեկուցող, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը։