Հայաստանից որեւէ պատվիրակություն Ուկրաինայի Բուչա քաղաք չի գնացել։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագողների հետ զրույցի ընթացքում՝ անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այսօր հնչեցրած հայտարարությանը, որ Մոսկվան հայ խորհրդարանականներին կոչ է անում կիսվել Բուչա քաղաքում սպանված խաղաղ բնակչության ցուցակով, որը իբր հայկական կողմին փոխանցել է Կիեւը։
«Որեւիցե պատվիրակություն Հայաստանից չի գնացել, բայց կարող եմ տիկին Զախարովային փոխանցել մեր կամ իմ լրատվականը փոխանցի Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունների ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անուններ կամ 100.000-ից ավելի փախստականների անուններ այն տարածքից, որտեղ իրենք խաղաղապահ գործունեություն էին ծավալում»,-ասել է Սիմոնյանը եւ հավելել, որ ստերն ու Մարիա Զախարովային չի մեկնաբանում։
Նշենք, որ օրերս ուկրաինական Բուչա էին այցելել եւ ռուսական օկուպացիայի ընթացքում այնտեղ զոհված խաղաղ բնակչության հուշահամալիրի մոտ հարգանքի տուրք մատուցել Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը եւ Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը: Նրանց դիմավորել էին Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկը եւ պատգամավոր Ալինա Սարանյուկը: