«Գալերի-25» պատկերասրահում ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, 1964-1977 թվականներին Գյումրու գլխավոր ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանի տարբեր տարիների գեղանկարների ցուցադրությունն էր:
Գյումրիում նրան բոլորն են ճանաչում որպես քաղաքի ճարտարապետական դիմագծի կերտման գործում անգնահատելի ավանդ ունեցող անհատի, բայց որ նաեւ գեղանկարիչ էր, քչերը գիտեին:
Ցուցադրված էր «Տարիներ անց» խորագրով գեղանկարների շարքը: Ներկայացված էին վարպետի ամենահին՝ 17 տարեկանում արված նկարներից մինչեւ վերջին տարիների գործերը:
Հարազատ քաղաքում ցուցահանդեսը նախաձեռնել էին «Գալերի-25» պատկերասրահի հիմնադիր Ալեքսան Տեր-Մինասյանը եւ ճարտարապետի որդին՝ Գարեգին Եղոյանը:
Խոսելով Ռաֆիկ Եղոյան ճարտարապետի մասին, ներկաներն ասում են՝ եթե միայն նրա երկու գործեր՝ Գյումրու կայարանի շենքն ու «Մայր Հայաստան» արձանը հիշենք, բավարար է, որ Եղոյանը համաշխարհային ճանաչում ունենա:
«Մենք արժեքները կամ չենք գնահատում, կամ ուշ ենք գնահատում, երբ ստեղծագործողն այլեւս չի լինում: Այս մարդն այնքան բան գիտի Գյումրու ճարտարապետության մասին, որ ոչ մի տեղ գրված չէ»,- ասում է Ալեքսան Տեր-Մինասյանը եւ փաստում, թեեւ ճարտարապետ-գեղանկարիչը ֆիզիկապես այլեւս թույլ է առաջացած տարիքի բերումով, բայց ուղեղը փայլուն փիլիսոփայական մտքեր է ծնում:
Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ նաեւ անմիջական շփվելու, զրուցելու կյանքի մեկ դարի շեմին մոտեցող Ռաֆիկ Եղոյանի հետ:
«Կարո՞ղ եք խոսել գյումրեցիների հետ» հարցին Եղոյանը պատասխանեց. «Կարո՛ղ եմ եւ ուզո՛ւմ եմ խոսել. Գյումրին ինձ համար սրբավայր է, Գյումրու ճարտարապետությունն էլ մարդկանց պես է՝ մի փոքր կոշտ, բայց էությամբ բարի ու անվերջ ձգող: Անչափ ուրախ եմ, որ այն, ինչ կառուցեցի, պիտանի եւ արժեքավոր եք համարվում»:
Ինժեներ, Ռաֆիկ Եղոյանի երկարամյա գործընկեր Սեդա Ավագյանը մասամբ է համաձայն, որ անփոխարինելի մարդիկ չկան: «Գյումրու համար, համենայնդեպս այս պահին, Եղոյանն անփոխարինելի է: Լավատես լինենք եւ հավատանք, որ կծնվի մեկը, ով արժանիորեն կփոխարինի նրան: Մենք Ռաֆիկ Եղոյան ճարտարապետ-գեղանկարչից սովորելու շատ բան ունենք»:
Նշենք, որ 1988 թվականի դեկտեմբերի երկրաշարժից հետո Ռաֆիկ Եղոյանը նախագծային եւ կազմակերպչական մեծ աշխատանքներ է ծավալել Գյումրին վերականգնելու համար։ Եղոյանի նախագծերով կառուցվել են դպրոցներ, վերակառուցվել երկրաշարժից քանդված եկեղեցիներ, ճարտարապետական կոթողներ:
«Գալերի-25» պատկերասրահում Եղոյանի գեղանկարների ցուցահանդեսը բաց կլինի մեկ ամիս:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։