Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեին հայտարարեց երկրի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը ցրելու մասին։ Նա այսպես արձագանքել է Եվրախորհրդարանի ընտրությունների նախնական արդյունքներին, երբ Ֆրանսիայում ջախջախիչ հաղթանակ տարան «Ազգային միության» աջ պոպուլիստները։
Խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա հունիսի 30-ին, երկրորդը՝ հուլիսի 7-ին։
Ըստ հարցումների Մարին Լը Պենի կողմնակիցների կուսակցությունը, որն այժմ գլխավորում է 29-ամյա Ջորդան Բարդելան, ավելի քան երկու անգամ գերազանցել է Մակրոնի կողմնակիցներին Եվրախորհրդարանի ընտրություններում։ Բարդելլան ավելի վաղ Մակրոնին կոչ էր արել ցրել Ազգային ժողովը եւ նոր ընտրություններ նշանակել։ Երրորդ տեղում սոցիալիստական կոալիցիան է։ Հաջողության է հասել նաեւ ծայրահեղ աջ «Ռեկոնկիստա» կուսակցությունը։
Իր ելույթի ժամանակ Մակրոնը հայտարարել է, որ չի կարող աջերի հաջողություններին արձագանքել այնպես, կարծես ոչինչ չի եղել։ «Որոշել եմ քվերակության միջոցով ձեզ կրկին ընտրելու հնարավորություն տալ»,-ասել է Ֆրանսիայի նախագահը։ Նա նաեւ հայտարարել է, որ «ազգայնականների եւ դեմագոգների վերելքը վտանգ է մեր ազգի եւ մեր ողջ Եվրոպայի համար, Եվրոպայում եւ աշխարհում Ֆրայսիայի դիրքի համար»։
«Ես վստահում եմ մեր ժողովրդավարությանը, թող ինքնիշխան ժողովուրդը՝ ինքը ասի իր խոսքը»,-ասել է Մակրոնը իր ելույթում։
Խորհրդարանի ներկայիս գումարման ժամանակ Մակրոնի կողմնակիցները մեծամասնություն չեն ունեցել, սակայն, կարողացել էին կառավարություն ձեւավորել աջ կենտրոնամետների եւ որոշ ձախ կենտրոնամետների աջակցության շնորհիվ: «Ազգային միասնությունը» երկրի ամենամեծ ընդդմիադիր խմբակցությունն է։ Հինգերորդ Հանրապետության պատմության մեջ եղել են դեպքեր, երբ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով նախագահը ստիպված է եղել վարչապետ նշանակել իր քաղաքական հակառակորդին, մասնավորապես, Ֆրանսուա Միտերանի օրոք կառավարությունը որոշ ժամանակ ղեկավարել է Ժակ Շիրակը։
Ընդհանուր առմամբ, Եվրոպական խորհրդարանի ընտրություններում առաջատար է աջ կենտրոնամետ «Եվրոպական ժողովրդական կուսակցությունը»։ «Եվրոպայի վերաթարմացում» կուսակցությունը, որը ներառում է նաեւ Մակրոնի կողմնակիցներին, ըստ երեւույթին, կկորցնի մի քանի տեղ Եվրախորհրդարանում, մինչդեռ ծայրահեղ աջերը, ընդհակառակը, կամրապնդվեն։