Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ ուկրաինական ռազմական ինքնաթիռը խոցել է Ռուսաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում՝ Բելգորոդի շրջանում տեղակայված թիրախը։ Այս մասին հայտնում է բրիտանական Sky News հեռուստաալիքը՝ հղում անելով ուկրաինական ռազմական աղբյուրին։ Տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։
Sky News-ը նշում է, որ հայտնի չէ, թե ինչ զինատեսակներ են կիրառվել, եւ թե արդյոք խոսքը այս դեպքում գնում է արեւմտյան երկրների մատակարարած հրթիռների կիրառման մասին։
Մայիսի վերջին հայտնի դարձավ, որ Ուկրաինային զենք մատակարարող ամենախոշոր երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան ուկրաինացի զինվորականների համար վերացրել են իրենց մատակարարած զինատեսկաները Ռուսաստանի տարածքում տեղակայված թիրախների դեմ օգտագործման սահմանափակումները։
Ըստ Sky News-ի աղբյուրի, ավիացիոն հարվածը հասցվել է Բելգորոդի շրջանում գտնվող հրամանատարական կետին։ «Թեեւ վնասի գնահատումը դեռ շարունակվում է, սակայն հաստատվում է, որ դա ուղիղ հարված է եղել։ Սա ուկրաինական ռազմաօդային ուժերի կողմից առաջին ավիահարվածն է Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախի ուղղությամբ»,-ասել է աղբյուրը։
Ուկրաինական ինքնաթիռները, ըստ առկա տվյալների, արդեն բազմիցս են հարվածներ հասցրել բռնակցված Ղրիմի թիրախներին, այդ թվում՝ օգտագործելով բրիտանական «Storm Shadow» հրթիռները:
Պաշտոնապես ոչ ռուս, ոչ ուկրաինացի զինվորականները չեն մեկնաբանել Sky News-ի հաղորդագրությունը։ Կիրակի՝ հունիսի 9-ի կեսօրին տեղեկություններ հայտնվեցին Բելգորոդի շրջանում խոշոր հրդեհի մասին։ Ենթադրվում էր, որ դրան նախորդել են պայթյուններ։ Որոշ տելեգրամյան ալիքներ պնդում էին, որ խոցվել է զինամթերքի պահեստ, ռուսական իշխանությունները հայտարարեցին, որ այրվում է ոչ բնակելի շենք, իսկ ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ Բելգորոդի շրջանում անօդաչու թռչող սարքի խոցման մասին։