Իսրայելում կենտրոնամետ քաղաքական գործիչ Բենի Գանցը հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության նախարարի պաշտոնից իր հրաժարականի մասին՝ երկրի ղեկավարությանը մեղադրելով Գազայի հատվածում հաղթանակի հասնելու եւ այս տարածքի հետպատերազմյան զարգացման հստակ ծրագիր ներկայացնելու անկարողության մեջ։
Նեթանյահուի հակառակորդ Գանցը համաձայնել էր միանալ արտակարգ պայմանների համար ձեւավորված ռազմական կաբինետին՝ հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից եւ Գազայի տարածքում պատասխան ռազմական գործողությունների մեկնարկից հետո: Սակայն վերջին շրջանում նա հաճախ էր ելույթներում քննադատում վարչապետին։
Կաբինետից Գանցի հեռանալը Նեթանյահուին չի զրկի մեծամասնությունից, քանի որ նրա կառավարությունն ի սկզբանե ձեւավորվել է առանց Գանցի կողմնակիցների եւ դեռեւս մեծամասնություն է կազմում Կնեսետում: Սակայն, ինչպես նշում են մեկնաբանները, Գազայում հրադադարի հարցում Իսրայելի վրա մեծացող միջազգային ճնշման ֆոնին կենտրոնամետ քաղաքական գործչի հեռանալը կարող է լուրջ քաղաքական հետեւանքներ ունենալ։
Գանցն ավելի վաղ Նեթանյահուին կոչ էր արել մինչեւ հունիսի 8-ը հստակ ծրագիր մշակել թե ինչ է նախատեսում անել նրա գլխավորած կաբինետը Գազայի տարածքում պատերազմի ավարտից հետո: Ինչպես եւ սպասվում էր, պատասխան չստանալով՝ նախարարը հայտարարեց հրաժարականի մասին։ Իր ելույթում նա հասկացրեց, որ աջակցում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջարկած վեց փուլային խաղաղության ծրագրին, նշելով, որ պատանդների վերադարձը «իշխանության պահպանումից վեր է դասում»։ Գանցը նաեւ արտահերթ ընտրությունների կոչ է արել։
Բենիամին Նեթանյահուն, արձագանքելով Գանցի հրաժարականին, ելույթում ասել էր. «Բենի, հիմա պայքարը թողնելու ժամանակը չէ, հիմա ուժերը միավորելու ժամանակն է»։ Նա կրկին հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի պատերազմը «մինչեւ հաղթանակ եւ բոլոր նպատակների իրագործումը», ներառյալ պատանդների ազատումը եւ ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը։
ՀԱՄԱՍ-ը դեռեւս պահում է հոկտեմբերի 7-ին Իսրայելում պատանդառված ավելի քան 100 մարդու: Հավանական է համարվում, որ նրանց մի մասն արդեն մահացած են։
Հունիսի 8-ին Գազայի հատվածում իրականացված հատուկ գործողության արդյունքում Իսրայելի պաշտպանության բանկը չորս պատանդ ազատեց։ Պաղեստինցի պաշտոնյաներն ասում են, որ ավելի քան 200 մարդ, հիմնականում խաղաղ բնակիչներ, սպանվել են իսրայելական հարձակման ժամանակ: Կիրակի օրը ՀԱՄԱՍ-ն էլ պաշտոնապես հայտնեց, որ գործողության ընթացքում սպանվել են եւս երեք պատանդներ, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացի: