Փաստը, որ իշխանությունն առաջ մի բան էր ասում, հիմա՝ այլ, վարչապետ Փաշինյանը մայիսի 22-ին ԱԺ-ում կրկին բացատրել է ուշ հասկանալով. «Երբ որ դու մի ճանապարհով գնում ես, բայց ճանապարհին տեսնում ես նշաններ եւ սկսում ես կարդալ էդ ճանապարհը, հասկանում ես, որ գնում ես սխալ ճանապարհով»։
Իսկ ի՞նչ պետք է անել, երբ ընտրածդ ճանապարհը ջախջախման է տարել։ Իհարկե, անմիջապես հասկանալ, որ դա սխալ ճանապարհ էր։ Իսկական առաջնորդի հաջորդ քայլը պետք է լինի այդ գիտակցումը տեղ հասցնելը. «Առաջնորդությունը հենց էդտեղ ա, որ դու առաջնորդում ես քո հանրությանը՝ հասկանալու իրողությունները»։
Ուշ հասկանալը որպես ալիբի բերել է նաեւ արտգործնախարար Միրզոյանը՝ վերջին անգամ հունիսի 4-ին, դարձյալ ԱԺ-ում։ «Հետ նայելով, ես կարծում եմ, որ մի մեծ հանրային մոլորության մեջ ենք եղել բոլորս»,- հայտարերել է նախարարը, մանրամասնելով, թե «բոլորս ունեցել ենք մտածելակերպ», որն այս կամ այն փուլում միեւնույն է՝ վատ արդյունքների էր բերելու։ «Ես անձամբ եղել եմ էդ մտայնության մաս երկար ժամանակ։ Բայց ես կարծում եմ՝ ազնիվ ա ասել, որ էսինչ-էսինչ բաները ստիպում են հետ նայել, վերաիմաստավորել եւ արդյունքում, այո, էս ա ճիշտը»,- ասել է Միրզոյանը։
Նախորդ քայլերն իրերի դրության ուշ հասկանալով արդարացրել են նաեւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Ընդ որում, ուշ հասկացողները ոչ միայն դա անում են անցյալի ամոթալի աղավաղումներով, այլեւ անգամ փորձում են «վաճառել» իրենց «ազնվությունը»։
Մի կողմ թողնենք հարցի բարոյական կողմը, բայց ուշ հասկանալը որպես ալիբի ներկայացնողների «ազնվությունը» մի մեծ խնդիր ունի՝ կրկնվում է, այսինքն՝ ամեն հաջորդ փուլում պարզվում է, որ նախորդը սխալ էր, ինչը լավագույն դեպքում նշանակում է, որ իշխանությունը շարունակ իրողությունները հասկանալու խնդիր ունի։
Դիրքորոշման կտրուկ եւ պարբերական փոփոխությունները թերեւս պայմանավորված են ոչ թե ազնվության առկայծումներով, այլ՝ իշխանության պահպանան մղումով։
Ճանապարհները ճիշտ կամ սխալ են հռչակվում՝ կախված նրանից, թե որքանով են դրանք նպաստում իշխանություն լինելուն։ Երեկ դա ոչմիթիզականությունն էր, ուրեմն՝ պետք էր լինել ոչմիթիզական։ Վերարտադրության խնդիր կար, ուրեմն՝ պետք էր անջատել՝ հանուն փրկության, այսօր Արցախը չկա, հոգ չէ՝ կարելի է հայտարարել, որ սխալ ճանապարհ էր, ու ընտրել նոր «ճիշտը»՝ մինչեւ «դիրքորոշման» վերանայման հաջորդ հանգրվան։
2018-ի իշխանափոխությունից հետո Արցախի հարցի եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը փոխվել է առնվազն հինգ անգամ՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»-ից ու Շուշիի դեօկուպացիայի պահանջից հասնելով Հայաստան ադրբեջանցիների վերադարձի օրակարգայնացման։
Հայաստանի ղեկավարն առնվազն չորս անգամ հրապարակայնորեն արձանագրել է, թե ուշ է հասկացել, որ պետք էր վարվել այլ կերպ, քան վարվել է։ Ու ամեն նոր «դիրքորոշում» հիմնավորել է նույն համոզվածությամբ ու անսխալականության նույն վերջնագրով, ինչպես նախորդ՝ այսօր արդեն սխալ որակվածը։
Այլ տեսակետ ներկայացնողները զանազան պիտակների են արժանանում, մեկ էլ պարզվում է՝ վայ, այս մի ճանապարհն էլ էր սխալ, հիմա պետք է գնալ ուրի՛շ՝ երբեմն՝ տրամագծորեն հակառակ «ճիշտ ճանապարհով»։
Մի ողջ իշխանություն հիմարությունն ալիբի սարքած ագրեսիվ աղաղակների մեջ խեղդում է ցանկացած բանական խոսք։ Սա, ինչպես կասեր ԱԳ նախարարը, այս կամ այն փուլում վատ արդյունքների է բերելու։ Ալիբին էլ արդեն գիտենք։
Ռաֆայել Թեյմուրազյան