F-16 կործանիչների մի մասը, որոն արեւմտյան երկրները կմատակարարեն Ուկրաինային, կտեղակայվեն այլ երկրների ավիաբազաներում։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությանը հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ավիացիայի հրամանատար Սերգեյ Գոլուբցովը։
Նրա խոսքով՝ F-16-ի մի մասը կտեղակայվի անմիջապես Ուկրաինայի տարածքում, որոնց թիվը համապատասխանելու է կործնիչները կիրառելու համար պատրաստված օդաչուների թվին։ «Եթե լինեն ավելի շատ օդաչուներ, ապա Ուկրաինայում ավելի շատ ինքնաթիռներ կլինեն»,-ասել է Գոլուբցովը։
Մնացած կործանիչները կպահվեն այլ երկրների պահեստային «անվտանգ ավիաբազաներում», որպեսզի «թիրախ չդառնան»։
Գոլուբցովի խոսքերից հետեւում է, որ այդ ինքնաթիռներն ուղղակիորեն չեն մասնակցի ռազմական գործողություններին, նշում է «Ազատություն» ռադիոկայանը։
Զինվորականը նաեւ հիշեցրել է, որ չորս երկրներ հաստատել են իրենց F-16 ինքնաթիռների մատակարարումը Ուկրաինային։ Նա նշում է, որ խոսքը 30-40 ինքնաթիռի մասին է, բայց ապագայում այդ թիվը կարող է աճել, քանի որ «գրեթե բոլոր երկրները, որոնք ունեն F-16-ներ, աստիճանաբար վերազինվում են F-35-ներով»։
«Մենք պետք է հասկանանք, որ Ուկրաինային մատակարարված ոչ բոլոր ինքնաթիռներն են, որ այժմ տեղափոխվելու են Ուկրաինա։ Նրանցից մի քանիսը կմնան այն կենտրոններում, որտեղ վերապատրաստվում են մեր օդաչուները եւ ավիացիոն անձնակազմը։ Դրանք կլինեն ուկրաինական ինքնաթիռներ, որոնք կօգտագործվեն մեր սեփական օդաչուներին պատրաստելու համար»,-ասել է Գոլուբցովը։
Հունիսի սկզբին Politico-ն հայտնել էր, որ ուկրաինական իշխանությունները դժգոհ են ուկրաինացի օդաչուներին F-16-ը վարելու պատրաստման եղանակից։ Պարբերականին պաշտոնական աղբյուրները նշել էին, որ Կիեւը բազմիցս է փոխանցել նախագահ Ջո Բայդենի վարչակազմին, որ պատրաստ է անհապաղ վերապատրաստման ուղարկել 30 օդաչուի, սակայն ԱՄՆ-ն հասկացրել է կարող է միայն 12 օդաչու վերապատրաստել մինչեւ սեպտեմբեր։ Ըստ Politico-ի, Ռումինիայի եւ Դանիայի ուսումնական կենտրոնները նույնպես չեն կարող տեղավորել այնքան ուկրաինացի օդաչուների, որքան կցանկանար Կիեւը։