Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և պետական սահմանի սահմանազատման գործընթացին: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԳՆ-ում ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի հետ անցկացվող Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ժամանակ։
«Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և պետական սահմանի սահմանազատման գործընթացին՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի հիմքով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։ Կա իրական հնարավորություն, պատմական պահ վերջնականացնելու խաղաղության պայմանագրի նախագիծը, որի ստորագրումը կարող է նոր դուռ բացել տարածաշրջանում երկարատև խաղաղության համար»,- հայտարարել է Միրզոյանը։
Նախարարը նաեւ հավելել է, որ Երեւանը շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցության ուղիները ապաշրջափակելու հարցում, որը հիմնված կլինի «երկրների ինքնիշխանության, իրավասության լիակատար հարգման, իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների վրա»։
Միրզոյանի խոսքերով այդ ամենը լավագույնս արտահայտված է Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ։