ԱՄՆ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը ՀՀ ԱԳՆ-ում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ժամանակ հայտարարեց, որ Վաշինգտոնը շարունակելու է Երեւանի հետ աշխատել նաեւ պաշտպանական եւ անվտանգության հարցերի շուրջ։
«Մենք շարունակելու ենք արդարադատության բարեփոխումների ոլորտում աշխատանքները։ Մենք նաեւ պաշտպանության, անվտանգության հարցերում ենք շարունակելու աշխատել։ Նախորդ տարի տեղի ունեցավ մեր համատեղ առաջին զորավարժությունը, մենք սպասում ենք ավելիին։ Ակնկալում ենք աշխատել կիբեռանվտանգության, սահմանների, էներգետիկ, պարենային անվտանգության ոլորտներում։ Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին»,-նշել է Օ՛Բրայենը եւ հավելել, որ Վաշինգտոնի ծրագիրն այն է, որ «այս ռազմավարական երկխոսությունը փոխարինվի ռազմավարական գործընկերության հանձնաժողովով, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ խորությամբ կառուցել փոխգործակցությունը»։
Փոխպետքարտուղարը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու եւ տնտեսական հնարավորությունների ընդլայնման ջանքերին։
«Մենք աջակցում ենք նաեւ տեւական խաղաղության հաստատման ջանքերին։ Մենք աշխատում ենք տնտեսական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ՝ Կենտրոնական Ասիայից մինչեւ Միջերկրական ծով։ Եթե տեւական խաղաղություն լինի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, ապա այդ հնարավորություններն ավելի լայն կլինեն»,-նշել է Ջեյմս Օ՛Բրայենը։