Թուրքիայի իշխանությունները ստորագրել են 23 միլիարդ դոլարով ամերիկյան F-16 Block-70/72 կործանիչների (Block-70/72) գնման եւ արդեն առկա համանման ինքնաթիռների արդիականացման առաջարկ-նամակը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարությունը՝ այս փաստն անվանելով «լուրջ քայլ առաջ» գործարքի իրականացման ուղղությամբ։
Անկարան Վաշինգտոնից ստացել է 2024 թվականի փետրվարին նոր կործանիչների ձեռքբերման եւ հների արդիականացման մասին համաձայնագրի իրականացման վերաբերյալ առաջարկի նախագիծը եւ հաստատման նամակները։ Ամերիկյան իշխանությունները գործարքը հաստատել էին դեռ հունվարին։
Անկարայի կողմից F-16 կործանիչների գնման հարցում «կարեւոր առաջընթացի» մասին հունիսի 6-ին հայտարարել էր նաեւ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը: Սակայն այդ ժամանակ նա չէր հստակեցրել թե խոսքը ինչի մասին էր։
«Սա լավ քայլ է ԱՄՆ-ի, Թուրքիայի ազգային անվտանգության եւ ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցության համար», — գրել էր դիվանագետը X-ի իր էջում։
Թուրքիայի ռազմական գերատեսչությունը նույնպես բանակցությունների մանրամասներ չի հայտնել։ Նախարարության աղբյուրները TRT-ին հայտնել են, որ գործարքի իրականացման գործընթացը «շարունակվում է դրական կերպով՝ համաձայն նախապես հայտարարված ժամանակացույցի»։
Ընդհանուր առմամբ, Թուրքիան նախատեսում է գնել 40 F-16 Block-70/72 կործանիչներ, որոնք կներառեն մեկ տեղանոց (F-16C) եւ երկու տեղանոց (F-16D) տարբերակներ, ինչպես նաեւ սարքավորումների 79 հավաքածու, որոնք անհրաժեշտ են թուրքական F-16C/D բլոկ-40/50+ ինքնաթիռների արդիականացման եւ ծառայության ժամկետները երկարաձգելու համար։
Սա ներառում է նաեւ պահեստամասեր, անհրաժեշտ սպասարկման սարքավորումներ, ուսուցման եւ տեխնիկական աջակցության ծրագրեր եւ «օդ-օդ» ու «օդ-ցամաք» հրթիռների ամբողջական համալրում: