Վրաստան եւ Հայաստան երկրների միջեւ մարդկանց հոսքը մշտական է եղել, բայց հավանաբար քչերը գիտեն, որ Հայաստանում կա վրացական համայնք։
Վրաստան լսելիս առաջինն ի՞նչ ասոցիացիաներ եք ունենում։ Ես սկսեմ՝ խինկալի, խաչապուրի, մեկ էլ, երեւի, Թբիլիսո երգը։
Այս մուլտիմեդիա նախագծում միասին սկսելու ենք մշակութային ճանապարհորդություն՝ հնագույն ավանդույթները համադրելով ժամանակակից կյանքի ռիթմին:
Հայաստանում վերջին տվյալներով ապրում է 222 վրացի` 45-ը տղամարդ, 177-ը կին։ Վրացական համայնքի հետ ավելի մոտ ծանոթությունների ընթացքում պարզեցինք, որ կանայք ավելի շատ են, քանի որ վրացուհիները սիրահարվեցին հայ տղամարդկանց եւ հարս եկան Հայաստան։
Վրացական համայնքը
«Իվերիա» վրացական բարեգործական համայնքը հիմնադրվել է 1997 թվականին, համայնքի առաջին նախագահը Թինա Ասաթիանին էր։ Վրացական համայնքի ստեղծման հիմնական նպատակը Վրաստանից դուրս ազգային եւ մշակութային ինքնության պահպանումն էր, ինչպես նաեւ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բարեկամական, մշակութային, կրթական եւ գիտական կապերի ստեղծումը։
«Իվերիան» իրականացրել է բազմաթիվ համերգներ, ցուցահանդեսներ, սեմինարներ եւ կրթական դասախոսություններ։ Կիրակնօրյա դպրոցի աշակերտներն էլ մասնակցել են համայնքի եւ ազգային փոքրամասնությունների համատեղ միջոցառումներին, փառատոներին՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում:
Տարիներ առաջ համայնքում գործում էր երիտասարդ թեւ՝ «Իմեդի»՝ Հույս անունով, որի ղեկավարը Աննա Բարսեղյանն էր։
Համայնքին կից գործում է կիրակնօրյա դպրոց, որտեղ ցանկացողները սովորում են վրացերեն։ Նինո Սպանդերաշվիլին երեխաների հետ տարիներ առաջ հայտնվեց համայնքում։ Երեխաները դարձան կիրակնօրյա դպրոցի սաներ, իսկ տարիներ անց Նինոն դարձավ կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ։
Նինո Սպանդերաշվիլի․ «Մեծ ուրախությամբ ընդունեցի առաջարկը, քանի որ մայրենի լեզվով խոսելու շատ լավ հնարավորություն էր ինձ համար»։
Կիրակնօրյա դպրոցում լեզվի դասերից զատ, աշակերտները կարող են նաեւ սովորել վրացական ազգային պարեր։ Դասավանդում է Լիաննա Սամադալաշվիլին, ով դպրոցական տարիներից հաճախում էր պարի տարբեր խմբակներ։
Լիաննա Սամադալաշվիլի․ «Այնպես ստացվեց, որ պարը ինձ համար դարձավ կյանքի իմաստ»։
Վրացիները մարզերում
Հայաստանում վրացիները միայն Երեւանում չեն, նրանք ապրում են նաեւ մարզերում եւ ունեն ամենատարբեր պատմություններ։ Ճամփա ենք ընկնում Ալավերդի Տարիելաշվիլիների ութ հոգանոց ընտանիք։
«Խոստովանությունը տաշեղ-բացիկի վրա 19-ամյա Գեորգի Տարիելաշվիլին է արել 1938 թվականին եւ Ալավերդուց ուղարկել Թբիլիսիում ապրող սիրելիին՝ Եկատերինա Սուխիշվիլիին։ Մեկ տարի անց սերը վերջինիս Ալավերդի է բերել․ նա եւ Գեորգին ամուսնացել են։ Ազգությամբ վրացի Գեորգիի համար այս քաղաքը դեռ մանկության տարիներից է տուն դարձել, երբ ծնողների մահից հետո յոթամյա տղային ավագ քույրը Թբիլիսիից Ալավերդի է բերել։ Նրանց տիրություն պետք է աներ իրենց մոր՝ Մադան գյուղում ապրող հույն ազգականը»։
Ուղղությունը՝ Գյումրի
Վրացուհի Սոֆիկոն հարս եկավ Գյումրի եւ տարիներ անց ծնվեց ծոռնուհին՝ Սոֆյան, ում ամեն տեսնող հարցնում է․ «Վրացական արյուն կա՞ մեջդ»:
«Առանց պատասխանելու էլ ակնհայտ է. բարձրահասակ, տիպիկ վրացական արտահայտված դիմագծերով Սոֆյան վրացի Սոֆիկո տատի ծոռնուհին է:
Ընտանիքում լուսահոգի տատին գրեթե ամեն օր են հիշում, նրա կյանքի պատմությունն էլ սիրված ֆիլմի նման՝ պատմում ու չեն հոգնում»։
2004 թվականին Մաղվալա Գեուրկովա-Սաակյանի եւ Նաիրա Չովելիձեի ջանքերով ստեղծվեց վրացական համայնքի «Իվերիա» թերթը։ Չորս տարի անընդմեջ թերթը լույս էր տեսնում համայնքի միջոցներով։ 2008 թվականին Հայաստանի կառավարությունը սկսեց ֆինանսական աջակցություն տրամադրել ազգային փոքրամասնությունների լրատվամիջոցներին։ Թերթում հիմնականում տպագրվում էին նորություններ Վրաստանից, անդամների բանաստեղծություններն ու «Իվերիայի» անցուդարձը։
Թերթը փակվեց, նույն խնդրի առաջ է այժմ համայնքը։ Երեւանի կենտրոնական փոստատան շենքը վաճառվել է, որտեղ կիրակի օրերին հավաքվում էին հայաստանի ազգային փոքրամասնությունները։
«Ուր ենք գնալու, չգիտենք, եթե մեզ կենտրոնից հեռու տեղ տարան ու չկարողացանք մարդկանց հավաքել ուրեմն վերջ»,- ասաց վրացական համայնքի ղեկավար Սվետլանա Նամչեւաձեն։
Տարածքի հարցով խոսեցինք Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժին պետ Վարդան Ասցատրյանի հետ։
«Չեմ կարող հստակ ասել, թե ուր կգնան համայնքները, քանի որ հարցը դեռ քննարկման փուլում է, եւ մենք պետք է տարածք ընտրենք, տարածքը կարգի բերենք, հետո նոր համայնքները տեղափոխենք այնտեղ», — ասաց Ասցատրյանը եւ ավելացրեց, որ համայնքներն ուր էլ գնան, իրենք էլ են իրենց հետ գնալու, քանի որ նույն շենքում են աշխատում։
Աստղիկ Հովհաննեսով, Ֆրունզ Ավետիսյան