Սոֆյա Հովհաննիսյանին առաջին անգամ տեսնողները նույն հարցն են տալիս. «Վրացական արյուն կա՞ մեջդ»:
Առանց պատասխանելու էլ ակնհայտ է. բարձրահասակ, տիպիկ վրացական արտահայտված դիմագծերով Սոֆյան վրացի Սոֆիկո տատի ծոռնուհին է:
Ընտանիքում լուսահոգի տատին գրեթե ամեն օր են հիշում, նրա կյանքի պատմությունն էլ սիրված ֆիլմի նման՝ պատմում ու չեն հոգնում:
Սոֆիկո տատը Թիֆլիսում է ծնվել-մեծացել` անցած դարի առաջին կեսին: Կրթությունից, գիր-գրականությունից տատը քիչ է պատմել, ո՞նց պատմեր, երբ 14 տարեկանում ամուսնացրել են, մանկությունը կիսատ թողել: Դեռ երեխա է եղել, երբ առաջին երեխային է լույս աշխարհ բերել:
Մանկական տարիքից դուրս չեկած՝ դուստրը գրկին, Սոֆիկոն այրիանում է:
Գյումրեցի Գարեգին Հովհաննիսյանը Թիֆլիսում էր սովորում: Որ Վրաստանում կրթությունից բացի բախտ էր գտնելու, չգիտեր: Տեսնում է Սոֆիկոյին ու սիրահարվում. «Պապն ասել է՝ կա էս է, չկա՝ էս է: Այս աղջիկն իմ ճակատագիրն է»: Դեռատի Սոֆիկոն իր մանկահասակ աղջկա հետ Գյումրի հարս է գալիս:
Պատմածներից հիշում են, որ տատը գոհ է եղել երկրորդ բախտից, առավոտ-երեկո «իր բաժին Աստծուն ու Գարեգինին» շնորհակալություն է հայտնել:
Թոռները ասում են, որ զարմանալի դրական էներգիայով, աշխույժ, երջանկանալու եւ երջանկացնելու կարողություն ունեցող կին է եղել տատը:
Թե ինչպես էր հաջողվում անգամ տարրական կրթություն չունեցող կնոջն այդքան իմաստնորեն միահյուսել ու մեկ գծով առաջ տանել հայ-վրացական ավանդույթները, սովորույթները, կյանքն ու կենցաղը, թոռների համար մինչեւ հիմա գաղտնիք է: Որքան որ վրացի դստերն էր հայ դաստիարակել, նույքան էլ երեք հայ զավակներին՝ վրացի:
Ասում են՝ թե՛ վրացական, թե՛ հայկական բոլոր ժողորվրդական, կրոնածիսական տոները տատը նշում էր նույն մանրակրկիտ բծախնդրությամբ:
Հիշում են, ինչպես էին քեռիները տարին երկու անգամ, առանց կնունք ծնունդի հրավերի ընտանիքներով գալիս, ամսով մնում: Իրենք հայկականն էին սովորում, այստեղ էլ՝ վրացականն էին ամրապնդում:
Տատն էլ չկար, երբ լույս աշխարհ եկավ Սոֆյան, ում հոր երազանքն էր աղջիկ ունենալ ու տատի անվամբ կոչել: Ով Սոֆիկո տատին տեսել էր, զարմանքից քար էր կտրում, թե ինչպես է գենը այդ թափով գլուխ բարձրացրել: Կարծես նույն մարդը լինեն. նույն արտաքինը, նույն բնավորությունը:
Սոֆյան թեեւ տատի մասին միայն լսել է, բայց վրացական կանչը շատ ուժեղ է զգում հոգում: Տատի պես տնարար է, ձգտող, սիրող, երջանկացնող: Ասում է՝ ամեն ինչ հասցնում է: Թե՛ կարիերայում, թե՛ ընտանիքում ամեն բան իր տեղը դնելու կարողության համար Սոֆիկո տատի գենին է պարտական:
Վրացական խոհանոցի անխախտ օրեր ունի Սոֆյան: Եփում-թափում, իր երեխաներին էլ պատմում է Սոֆիկո տատի ու իրենց որոշ չափով վրացի լինելու մասին: Գիտի, թե ինչ անի, որ խինկալին, խաչապուրին, սացիվին այնպես բուրեն, որ քեզ Վրաստանում զգաս:
Սոֆյան եղբոր՝ Շալիկոյի հետ ամեն անգամ Սոֆիկո տատի գերեզմանին այցելելիս թարմացնում է խոստումը, որ իր սերունդները չեն մոռանա, թե որտեղից են սերում:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։