Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է փոխել միջուկային զսպման ոլորտում հիմնարար փաստաթղթերը՝ Արեւմուտքի «անընդունելի եւ էսկալացիոն» գործողությունների պատճառով։ Նրա խոսքերը մեջբերում է «Интерфакс»-ը։
Լրագրողները Ռյաբկովից հետաքրքրվել էին, թե Ռուսաստանի միջուկային դոկտրինի ի՞նչ դրույթներ կարող են փոխվել։ Նա հստակ փոփոխություններ չի նշել, սակայն ասել է, որ մինչ համապատասխան որոշումների ընդունումը ռուսական «պրակտիկայում նախնական լուսաբանում չի եղել, թե ինչպիսի փոփոխություններ կարելի է անել»։
«Կարող եմ միայն ասել, որ իրավիճակը գնալով ավելի վատթարանալու է, եւ մարտահրավերները, որոնք բազմապատկվում են Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների անընդունելի եւ էսկալացիոն գործողությունների հետեւանքով, անկասկած մեր առաջ հարց է բարձրացվում, թե ինչպես կարելի է միջուկային զսպման ոլորտում հիմնարար փաստաթղթերն ավելի համապատասխանեցնել ներկայիս կարիքներին»,-ասել է Ռյաբկովը։
Հունիսի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի ընթացքում հնչեցրած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ չի հավատում, որ հասել է միջուկային դոկտրինում նշված միջուկային զենքի կիրառման պահը։ Նա հիշեցրել է, ըստ դոկտրինի միջուկային զենքի կիրառումը հնարավոր է երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում։
Միեւնույն ժամանակ Պուտինը նշել է, որ միջուկային դոկտրինը «կենդանի գործիք» է։
«Մենք ուշադիր հետեւում ենք, թե ինչ է կատարվում աշխարհում, մեր շուրջը եւ չենք բացառում այս դոկտրինում որոշակի փոփոխություններ կատարելը»,-այդ ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահը։