Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենին։ Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում վարչապետը կարեւորել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի անցկացումը Երեւանում եւ համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի բազմաոլորտ փոխգործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Փաշինյանը նաեւ ընդգծել է ԱՄՆ-ի հետեւողական աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին եւ նշել, որ կարեւոր է մայիսի 5-ին Բրյուսում անցկացված ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ կյանքի կոչումը:
Օ՛Բրայենն էլ իր հերթին նշել է, որ ԱՄՆ վարչակազմը շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ տարբեր ուղղություններով բարեփոխումներն առաջ մղելու նպատակով:
Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, սահմանազատման գործընթացին, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու դրա սկզբունքներին:
Փաշինյանը Օ՛Բրայենին նաեւ տեղեկացրել է, որ կառավարությունը հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը եւ դրա իրականացման գործում ընդգծել միջազգային գործընկերների աջակցության անհրաժեշտությունը: