Նախօրեին Հայաստանի ԱԳ նախարարությունում արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ ԱՄՆ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենի ղեկավարությամբ անցկացվեց Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը, որի արդյունքներով երկու երկրների կառավարությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Դրանում մասնավորապես ասվում է․
Ամփոփիչ հանդիպման ընթացքում Հայաստանն ու Միացյալ Նահանգներն անդրադարձան երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ առաջընթացին եւ ուրվագծեցին գալիք տարում կապերի խորացման տեսլականը, որը կձեւակերպվի Փոխըմբռնման հուշագրով՝ երկկողմ երկխոսության կարգավիճակը բարձրացնելով Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի: Ակնկալում ենք ուրվագծել առաջիկա ամիսներին մեր հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքերի կոնկրետ ուղղությունները։ Կողմերը դրական են գնահատել Հայաստանի ընթացիկ բարեփոխումներին եւ ժողովրդավարական առաջընթացին աջակցելու ուղղությամբ համագործակցությունը եւ նշել եվրատլանտյան կառույցների եւ Արեւմուտքի հետ ավելի սերտ համագործակցության Հայաստանի ձգտումները։ Միացյալ Նահանգները վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, ժողովրդավարությանը եւ տարածքային ամբողջականությանը՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան:
Աջակցություն Հայաստանի տնտեսական եւ էներգետիկ դիմակայունությանը
Պատվիրակությունները քննարկել են ավելի սերտ համագործակցության միջոցով փոխադարձ բարգավաճման, տնտեսական եւ էներգետիկ դիմակայունության խթանմանն ուղղված համատեղ ջանքերը՝ հաշվի առնելով 2024թ. ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպման ժամանակ կայացած կարեւոր քննարկումները: Նշելով, որ 2020 թվականից ի վեր Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրաշրջանառությունն արդեն քառապատկվել է՝ կողմերը հանձնառություն են ստանձնել շարունակել առավելագույնս ընդլայնել առեւտրային ու տնտեսական կապերը: Կողմերը քննարկել են պատժամիջոցների եւ արտահանման վերահսկման հարցերում աճող համագործակցությունը: Նրանք նաեւ քննարկել են արտահանման լիցենզավորման հնարավորություններն՝ առաջադեմ տեխնոլոգիական ապրանքների առեւտուրը դյուրացնելու նպատակով: Քննարկումները կենտրոնացել են նաեւ Հայաստանի պարենային անվտանգության եւ էներգետիկ անկախության խթանման՝ ներառյալ ատոմային էներգիայի եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտներում ԱՄՆ առեւտրային լուծումների բացահայտման ուղղությամբ արդեն իսկ իրականացված աշխատանքները: ԱՄՆ ՄԶԳ-ն մտադիր է աջակցել Հայաստանին մշակելու տրանսպորտային ռազմավարություն, որը կդրվի Հայաստանի «Խաղաղության խաչմերուկի» տեսլականի հիմքում՝ արդար ու հարատեւ խաղաղության միջոցով խրախուսելով եւ ամրապնդելով տարածաշրջանային առեւտուրն ու փոխկապակցվածությունը: Այս խաղաղությունը կբացի ամբողջ տարածաշրջանի ներուժը եւ էական օգուտներ կբերի տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին:
Միացյալ Նահանգները ընդունում է շարունակվող տնտեսական եւ սոցիալական մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց եւ փախստականներին աջակցելիս եւ մտադիր է շարունակել աջակցել այս ուղղությամբ Հայաստանի կառավարության ջանքերին։ Միացյալ Նահանգները բարձր է գնահատում տեղահանված անձանց եւ փախստականներին ապաստան տրամադրելու Հայաստանի ջանքերը, իսկ Հայաստանը երախտագիտություն է հայտնել ավելի քան 21 միլիոն դոլարի մարդասիրական աջակցության համար, որը Միացյալ Նահանգները տրամադրել է 2020 թվականի սեպտեմբերից ի վեր Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց եւ փախստականներին աջակցելու համար։
Փոխշահավետ համագործակցության ամրապնդում՝ անվտանգության եւ իրավապահ ոլորտներում
Ամփոփիչ հանդիպման մասնակիցներն ընդգծել են ԱՄՆ աջակցության կարեւոր դերը Հայաստանի պաշտպանական ոլորտի վերափոխման եւ իրավապահ համակարգի զարգացման նախաձեռնություններում, որոնց ԱՄՆ-ը նախատեսում է շարունակել աջակցել խորհրդատվական ծրագրերով, բանակ-բանակ շփումներով, Միջազգային ռազմական կրթական ու ուսուցողական (IMET) ծրագրի միջոցով մասնագիտական ռազմական կրթության հնարավորություններով եւ Կանզասի ազգային գվարդիայի հետ երկարաժամկետ պետական համագործակցության ծրագրով: Պատվիրակություններն ընդգծել են նաեւ համագործակցության կարեւոր հանգրվաններից մեկը՝ «Արծիվ գործընկեր 2023» զորավարժությունը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչները նաեւ ողջունել են 2024թ. մայիսին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի եւ ԱՄՆ եվրոպական հրամանատարության միջեւ առաջին տարեկան շտաբային բանակցությունների մեկնարկը եւ պայմանավորվել են նախաձեռնել Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ՝ պաշտպանական համագործակցության նպատակները նախանշելու համար:
Հիմնվելով Հայաստանի պարեկային ծառայության հաջողությամբ ստեղծման փորձի վրա, որը համազգային ընդգրկում է ստացել 2023 թվականին` կողմերը քննարկել են ԱՄՆ կողմից ՀՀ ներքին գործերի նախարարությանն ապագա աջակցության տրամադրումը՝ ներառյալ ծրագրված ջանքերն՝ ուղղված ոստիկանական կրթության զարգացմանն ու մարդկային ռեսուրսների կառուցվածքային ստորաբաժանումների արդիականացմանը՝ հաշվետվողականության եւ դիմակայունության բարձրացման համար:
Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի շարունակական ներդրումը միջազգային խաղաղապահ առաքելություններում եւ պատրաստակամ է խաղաղապահության եւ իրավապահ մարմինների զարգացման ուղղությամբ հավելյալ համագործակցության հարցում:
Արդարադատության, ժողովրդավարական ինստիտուտների եւ ընդհանուր ժողովրդավարական արժեքների խթանում
Պատվիրակություններն ամփոփել են արդարադատության ոլորտում շարունակվող համագործակցությունը՝ գնահատելով ԱՄՆ-ի նշանակալի ներդրումը Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին միտված ջանքերում։ Միացյալ Նահանգները մտադիր է նաեւ շարունակել աջակցել հայկական հաստատություններին, որոնք կենտրոնացած են կոռուպցիայի եւ անդրազգային կազմակերպված հանցավորության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի վրա, ինչպես նաեւ դատական անաչառության, ամբողջականության եւ անկախության խթանմանն ուղղված ջանքերին: Պատվիրակությունները քննարկել են զոհերին եւ վկաներին աջակցելու եւ արդարադատության մատչելիության ապահովման պլանավորված ծրագրերը: Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել ամուր քաղաքացիական հասարակության եւ լրատվամիջոցների համար անկախ միջավայրի զարգացմանը՝ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների հետագա ամրապնդման եւ թափանցիկության բարձրացման նպատակով: Երկուստեք ընդգծվել է մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության հարգման կարեւորությունը եւ հանձնառություն են ստանձնել համատեղ աշխատել այս ուղղությամբ։ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները վերահաստատեցին իրենց հանձնառությունն ընդհանուր ժողովրդավարական արժեքներին եւ ժողովրդավարական, բարգավաճ եւ խաղաղ Հայաստանի զարգացման նպատակին: