Վրացական ընդդիմադիր «Մտավարի» հեռուստաալիքը հայտնել է, որ Վրաստանը եւ Ռուսաստանը մեծ հավանականությամբ աշխատում են երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ։ Այս մասին հեռուստաալիքին հայտնել է բանակցություններին ծանոթ աղբյուրը։
«Մտավարից» հետո անմիջապես տեղեկությունը հաստատել են նաեւ BRIEF տելեգրամյան ալիքի աղբյուրները։
«Մոսկվայում եւ Թբիլիսիում Վրաստանի եւ Ռուսաստանի դեսպանությունների բացումը ժամանակի հարց է»,- BRIEF-ին հայտնել է անդրկովկասյան երկրից մեկի դիվանագիտական աղբյուրը։ Նույն տեղեկությունը տելեգրամյան ալիքին հաստատել է նաեւ Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանատան անանուն զրուցակիցը, որը Վրաստանում դիվանագիտական հաստատության բացակայության պատճառով ներկայացնում է ռուսական շահերը։
Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման անհրաժեշտության մասին հաճախ խոսում են ինչպես Վրաստանի ռուսամետ քաղաքական գործիչները, այնպես էլ վրացական սփյուռքի ներկայացուցիչները, ովքեր սերտ հարաբերություններ ունեն Կրեմլի հետ։
Այս մասին, մասնավորապես, ՌԴ պաշտպանության նախարարության «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ռուսամետ «Համերաշխություն հանուն խաղաղության» կուսակցության ներկայացուցիչ, վրացական ծագումով ռուս գործարար Մամուկա Պիպիան։ Նախորդ տարի նա Վրաստանի խորհրդարանի շենքում էր՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Վասիլ Չիգոգիձեի հրավերով, իսկ վերջերս Մոսկվայում հանդիպել էր մեկ այլ պատգամավորի՝ «Եվրոպական սոցիալիստական կուսակցության» ներկայացուցիչ Ֆրիդոն Ինջիայի հետ, ով հաճախ է իր ելույթներում աջակցություն հայտնում Վրաստանի կառավարության նախաձեռնություններին։
«Մտավարիի» հետ զրույցում Ինջիան հրաժարվել է մեկնաբանել Մոսկվա կատարած այցը եւ Մամուկա Պիպիայի հետ հանդիպումը։
Հիշեցնենք, որ մայիսին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի Դաշնության Առեւտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ ստեղծված ռուս-վրացական գործարար խորհրդի հերթական նիստը։ Իսկ մայիսի 12-ից 14-ը Մոսկվայում անցկացվել է Ռուսաստանի վրացական համայնքի ֆորումը։