Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը եւ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին հորդորում են պահպանել օրինականությունը եւ չոտնձգել իրավակարգի դեմ։
«Հաշվի առնելով ազգային անվտանգության ծառայության՝ սահմանադրական կարգը ցանկացած ոտնձգությունից պահպանելու առաքելությունը՝ վերահաստատում ենք, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ»,-ասվում է ՀՀ ԱԱԾ հայտարարության տեքստում։
Ոստիկանությունն էլ հայտարարում է, որ շարունակելու է հետեւողականորեն իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը եւ քաղաքացիների անվտանգությունը:
«Հավաքի մասնակիցներին եւ կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները եւ ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին»,-ասվում է ոստիկանության հաղորդագրության տեքստում։
Դրանում նաեւ ընդգծվում է, որ Հայաստանի Հանրապետությունը իրավական երկիր է, եւ որ հակաօրինական ցանկացած դրսեւորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի:
Նշենք, որ հունիսի 9-ից Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, ընդդիմադիր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը առանց հավելյալ մանրամասներ նշելու հայտարարել էր, որ հունիսի 12-ը կարեւոր հանգրվան է լինելու։