Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը Երեւանում հրեական սինագոգի վրա նախօրեին տեղի ունեցած հարձակման դեպքը անհանգստացնող է անվանել։ Այս մասին նա ասել է «Արմենպրես»-ի հետ զրույցում։
«Այժմ իրավապահների կողմից կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով: ՀՀ իշխանությունները եւ հանրությունը միարժեքորեն դատապարտում են ազգային եւ կրոնական այլատյացության յուրաքանչյուր դեպք եւ փորձ: Ազգային փոքրամասնությունների նկատմամբ մեր հասարակության մեջ գերիշխում է հանդուրժողականության եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտ։ Ավելին, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ներգրավված են հասարակական կյանքի կենսագործունեության բոլոր ոլորտներում: Համոզված ենք, որ իրավապահներն ամեն ինչ կանեն՝ բացահայտելու գրանցված միջադեպի հանգամանքները»,- նշեց Հարությունյանը։
Նշենք, որ հունիսի 11-ին լուրեր էին տարածվել, որ անհայտ անձը քարով հարվածել է Երեւանում հրեական կրոնական կենտրոնի պատուհանին եւ կոտրել այն։