Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ծայրահեղական հայացքները մերժող բոլոր քաղաքական ուժերին կոչ է արել ստեղծել նախընտրական դաշինք՝ «Ազգային մավորում» կուսակցության աջ պոպուլիստների իշխանության գալը կանխելու համար։
Հունիսի 12-ին Փարիզում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Մակրոնը եւ՛ ձախերին, եւ՛ աջերին կոչ է արել միավորվել նախագահական կենտրոնամետ ճամբարի շուրջ եւ միասին պայքարել Ազգային ժողովում մեծամասնության համար։
Միեւնույն ժամանակ նա քննադատել է իր որոշ պոտենցիալ դաշնակիցներին։ Մասնավորապես՝ ձախ «Անընկճելի Ֆրանսիա» շարժմանը Մակրոնը մեղադրել է ռուսամետ եւ կտրուկ հակաիսրայելական լինելու մեջ, իսկ պահպանողական «Հանրապետական կուսակցության» ղեկավար Էրիկ Սիոտտիին մեղադրել է «Ազգային միավորում» կուսակցության հետ համագործակցելու պատրաստակամության մեջ։
Հունիսի 30-ին Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր խորհրդարանի ստորին պալատը ցրելու եւ արտահերթ ընտրություններ նշանակելու մասին՝ ի պատասխան Եվրախորհրդարանի ընտրություններում ծայրահեղ աջերի անսպասելի հաջողության։
Ընտրություններում «Ազգային միավորումը»՝ Մարին Լը Պենի կուսակցությունը, կրկնակի անգամ առաջ է անցել նախագահի կողմնակիցներից։
Իր ելույթում Մակրոնը խոստովանելով, որ ինքը եւ իր կառավարությունը որոշ սխալներ թույլատրել են դիմել է աջ պոպուլիստների պոտենցիալ ընտրողներին՝ խոստանալով խստացնել անօրինական միգրացիայի նկատմամբ քաղաքականությունը, պայքարել անչափահասների հանցագործության դեմ եւ ինդեքսավորել կենսաթոշակները։ Մակրոնը նաեւ նշել է Ուկրաինային աջակցելու կարեւորությունը։
Ֆրանսիայի նախագահն ասել է, որ եթե նույնիսկ իր հակառակորդները հաղթեն խորհրդարանական ընտրություններում, ինքը հրաժարական չի տա։