Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարել է, որ իր կառավարության հաջորդ տրամաբանական քայլը լինելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալը։
Վարչապետն իր խոսքում ընդգծեց, որ 2021-26 թվականի կառավարության ծրագրում չի նշվել, որ Հայաստանը մնալու է ՀԱՊԿ-ի անդամ, իսկ թե երբ տեղի կունենա կաույցին մասնակցության դադարեցման գործընթացը՝ դեռ կորոշեն, հնարավոր է՝ մեկ ամիս, հնարավոր է՝ մեկ տարի, հնարավոր է՝ երեք տարի հետո։
Հիշեցնենք, որ նախօրեին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ նույնպես վարչապետը հայտարարել էր, որ դեռ կորոշեն թե երբ դուրս կգան ՀԱՊԿ-ից։
Իր խոսքում Փաշինյանը նշել էր, որ ՀԱՊԿ-Հայաստան հարաբերություններում ստեղծված իրադրության համար մեղավորները նրանք են ովքեր ձեւավորել են «փուչիկ դաշինք, որի անդամները, պարզվեց, գնացել, Ադրբեջանի հետ պլանավորել են մեր դեմ պատերազմը»։
Հիշեցնենք, որ մայիսի, երբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բաքվու կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ մինչ 2020-ի 44-օրյա պատերազմը ունեցած զրույցի ժամանակ եկել էին ընդհանուր եզրակացության, որ հակամարտությունը կարելի է լուծել ռազմական ճանապարհով, ՀՀ վարչապետը հայտարարեց, որ առնվազն երկու երկիր գիտի, որ ադրբեջանական կողմին օգնել էին նախապատրաստվել պատերազմին։