Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարել է, որ ոչ ինքը, ոչ էլ որեւէ պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չեն այցելի։
Փաշինյանը նման որոշման պատճառ ներկայացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մայիսին Բաքու կատարած այցի ժամանակ հնչեցրած այն խոստովանությունը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ մինչ 2020-ի 44-օրյա պատերազմը ունեցած զրույցի ժամանակ եկել էին ընդհանուր եզրակացության, որ հակամարտությունը կարելի է լուծել ռազմական ճանապարհով։
«ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Բա դրանից հետո ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ, հարց քննարկե՞մ, բա դուք չե՞ք, որ խոսում եք արժանապատվությունից ու սկզբունքայնությունից։ Չնայած նաեւ իրավիճակ կա ԵԱՏՄ-ում ու ԱՊՀ-ում, ինչ-որ առումով ստիպված եմ լինելու, բայց նաեւ հետեւյալն եմ ուզում ասել՝ ես արձանագրում եմ, որ Բելառուս ես երբեք չեմ այցելի, քանի դեռ նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Հայաստանի Հանրապետության ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի»,-ասել է Հայաստանի վարչապետը։
Փաշինյանը իր խոսքում նաեւ նշել է, որ տեսականորեն ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանի դիրքորոշումներում կարող է որոշակի փոփոխություն լինի, բայց դա այն պարագայում, եթե Բելառուսը լքի կառույցը, կամ Լուկաշենկոն հայ ժողովրդից ներողություն խնդրի ու բացատրություններ տա։