Բելառուսը հանգիստ է վերաբերվում Մինսկի վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «իմպուլսիվ հայտարարություններին»։ Այս մասին տելեգրամում գրել է Ռուսաստանում Բելառուսի դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Շպակովսկին։
«Մենք հանգիստ ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի իմպուլսիվ հայտարարությունները։ Մենք շարունակում ենք հարգել եղբայրական հայ ժողովրդին, որի հետ Բելառուսը կապված է դարավոր պատմական կապերով»,-գրել է բելառուս դիվանագետը։
Շպակովսկին գրառման մեջ նշել է, որ Բելառուսը չի միջամտում Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, ինչպես նաեւ Երեւանի արտաքին քաղաքական ոլորտին։
«Ելնելով փոխադարձության սկզբունքից՝ մենք ակնկալում ենք նմանատիպ մոտեցումներ մեր գործընկերներից եւ դաշնակիցներից, ուստի որոշ տարակուսանքով հետեւեցինք Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչների շփումներին բելառուսական քաղաքական ծայրահեղականների առաջնորդների հետ»,-գրել է դիվանագետը։
Նա նշել է, որ գործընկերների եւ դաշնակիցների ընտրությունը պաշտոնական Մինսկի ինքնիշխան խնդիրն է, եւ այս դեպքում Բելառուսի համար անընդունելի է «կամ-կամ»-ի մոտեցումը։
«Մենք եղբայրական Ադրբեջանի հետ շփվել ենք եւ կշարունակենք համագործակցել բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական»,- ընդգծել է Շպակովսկին։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 13-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարել էր, որ ոչ ինքը, ոչ էլ հայկական որեւէ պաշտոնական ներկայացուցչություն այլեւս Բելառուս չեն մեկնի, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Վարչապետն իր նման որոշումը կապել էր մայիսին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոի Բաքու կատարած այցի ժամանակ արած այն խոստովանության հետ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ մինչ 2020-ի 44-օրյա պատերազմը ունեցած զրույցի ժամանակ եկել էին ընդհանուր եզրակացության, որ հակամարտությունը կարելի է լուծել ռազմական ճանապարհով։
Փաշինյանը իր այսօրվա ելույթում ընդգծել էր, որ ՀԱՊԿ անդամ Բելառուսը մասնակցել է, «44-օրյա պատերազմը նախապատրաստելուն, քաջալերել, հավատացել է ու ցանկացել է, որ Ադրբեջանի հաղթանակը»։
Վարչապետի հայտարարություններին հաջորդել էր Բելառուսում Հայաստանի դեպսանին խորհրդակցությունների նպատակով հետ կանչելու մասին ՀՀ ԱԳ նախարարության հաղորդագրությունը։