ԵՄ ութ երկրների արտաքին գործերի նախարարներն առաջարկում են արգելել ռուս դիվանագետների ազատ տեղաշարժը եվրոպական երկրների միջեւ եւ տեղաշրժի սահմանափակումներ մտցնել այն երկրների տարածքում, որտեղ նրանք պաշտոնապես հավատարմագրված են։ Նման առաջարկ ներկայացվել է Եվրոպայի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելին ուղղված նամակում, որի տեքստի հետ ծանոթացել են Reuters եւ AFP գործակալությունները։
Նշվում է, որ հունիսի 11-ով թվագրված նամակը ստորագրել են Շենգենյան գոտու մեջ մտնող Չեխիայի, Դանիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Լեհաստանի եւ Ռումինիայի արտաքին գործերի նախարարները։
Նշնեք, որ Շենգենյան գոտու երկրների միջեւ տեղաշարժի լիակատար ազատություն կա, սահմանը հատելիս ճանապարհորդների համար անձնագրային հսկողությունը բացակայում է:
Շենգենյան գոտին ներառում է ԵՄ անդամ երկրների մեծ մասը, բացառությամբ Իռլանդիայի եւ Կիպրոսի։ Դրանում ներառված են նաեւ ոչ ԵՄ անդամ երկրներ Նորվեգիան, Իսլանդիան, Շվեյցարիան եւ Լիխտենշտեյնը:
«Մեկ ընդունող պետությունում հավատարմագրված ռուսական դիվանագիտական եւ ծառայողական անձնագրեր ունեցողների ազատ տեղաշարժը Շենգենյան տարածքում նպաստում է վնասակար գործունեությանը», — ասվում է նամակում, որը մեջբերում է Reuters-ը։
Ինչպես նշում են նախարարները, նման գործողությունները ներառում են հետախուզության հավաքագրում, քարոզչություն եւ «նույնիսկ դիվերսիոն գործողությունների նախապատրաստում», ինչը, ըստ նրանց, «ռուսական մեծ թվով «դիվանագետների» հիմնական աշխատանքնային ծանրաբեռնվածությունն է»։
Բացի այդ, նախարարներն առաջարկում են հետեւել փոխադարձության սկզբունքին եւ ռուս դիվանագետների վրա տարածել նույն սահմանափակումները, որոնք սահմանվում են Ռուսաստանում գտնվող եվրոպացի դիվանագետների եւ նրանց ընտանիքների անդամների համար։
Եվրոպական շատ երկրներ եւ նրանց միջկառավարական ինսիտուտները, ինչպիսին ՆԱՏՕ-ն է, վերջին ամիսներին բազմիցս հրապարակավ մեղադրել են Ռուսաստանին իրենց տարածքում դիվերսիոն գործողությունների իրականացման մեջ: Ռուսաստանը դրանք հերքել է։
Որոշ երկրներ էլ, ինչպես օրինակ՝ Չեխիան, դժգոհություններ է հայտնել, որ Պրահայում հավատարմագրված ռուս դիվանագետները հաճախ են մեկնում երկրից դուրս, ինչը դժվարություններ է ստեղծում նրանց հետեւելու գործընթացի համար։
Դեռեւս 2021 թվականին Չեխիան հայտարարել էր, որ Պրահայում Ռուսաստանի դեսպանատունը աշխատողների թվով ամենամեծն է երկրում, ինչը անհամեմատելի է երկու երկրների միջեւ կապերի մասշտաբի հետ։ Այս հայտարարությունները հնչել էին 2014 թվականին Վրբետիցայում զինամթերքի պահեստի պայթունների մեջ Ռուսաստանի մասնակցության մասին պնդումների համատեքստում, որից հետո Չեխիան արտաքսել էր ռուս դիվանագետների մեծ խմբի։