Բելառուսը նույնպես հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Բելառուսի արտգործնախարարության մամուլի քարտուղար Անատոլի Գլազը։
«Մենք բոլորս տեսնում ենք, թե այսօր Հայաստանում որքան բարդ է ներքաղաքական իրավիճակը, ինչ արագությամբ է սրվում դիմակայությունը երկրի ներսում։ […] Բայց չենք հասկանում, ինչ կապ ունի Բելառուսը դրա հետ»,-նշել է Գլազը։
Նրա խոսքերով երկրի ԱԳՆ է հրավիրվել Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչը՝ այդ հարեցրին պարզաբանում տալու համար։
«Հաշվի առնելով իրավիճակի զարգացումը, մոտ ապագայում Երեւանից Մինսկ կժամանի նաեւ մեր դեսպանը»,- ասել է դիվանագետը։
Բելառուսի ԱԳ նախարարության խոսնակը նաեւ նշել է, որ Հայաստանի ներքին խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու նպատակով արտաքին թշնամիներ փնտրելը «անհեռատես քայլ է»։
Չնայած ստեղծված դրությանը, Գլազի խոսքերով, Բելառուսը չի պատրաստվում վատթարացնել Հայաստանի հետ հարաբերությունները, որքան էլ որ արտաքին խաղացողները Երեւանին դրդեն դրան։
«Մենք երբեք ոչինչ չենք արել մեր ընկերներին վնասելու համար, չենք խառնվում ներքին գործերին, հարգում ենք հայ ժողովրդին եւ անկեղծորեն մաղթում այնպիսի առաջնորդներ, ովքեր իսկապես կմտածեն երկրի ապագայի եւ ժողովրդի բարօրության մասին»,-ասել է Բելառուսի ԱԳՆ խոսնակը։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ-ում հայտարարել էր, որ ոչ ինքը, ոչ էլ հայկական որեւէ պաշտոնական ներկայացուցչություն այլեւս Բելառուս չեն մեկնի, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Վարչապետն իր նման որոշումը կապել էր մայիսին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոի Բաքու կատարած այցի ժամանակ արած այն խոստովանության հետ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ մինչ 2020-ի 44-օրյա պատերազմը ունեցած զրույցի ժամանակ եկել էին ընդհանուր եզրակացության, որ հակամարտությունը կարելի է լուծել ռազմական ճանապարհով։
Փաշինյանը իր այսօրվա ելույթում ընդգծել էր, որ ՀԱՊԿ անդամ Բելառուսը մասնակցել է, «44-օրյա պատերազմը նախապատրաստելուն, քաջալերել, հավատացել է ու ցանկացել է, որ Ադրբեջանի հաղթանակը»։
Վարչապետի հայտարարություններին հաջորդել էր Բելառուսում Հայաստանի դեպսանին խորհրդակցությունների նպատակով հետ կանչելու մասին ՀՀ ԱԳ նախարարության հաղորդագրությունը։