ՀԱՊԿ-ը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կազմակերպությունից հնարավոր դուրս գալու մասին վերջին հայտարարությունների ֆոնին, կարծում է, որ Երեւանը մնում է կառույցի լիիրավ անդամը։ Այս մասին TACC-ին հայտնել են ՀԱՊԿ քարտուղարությունից։
«Մենք ելնում ենք նրանից, որ չնայած ՀԱՊԿ միջոցառումներին Հայաստանի Հանրապետության մասնակցության նկատելի նվազմանը, նա մնում է կազմակերպության լիիրավ անդամ»,- ընդգծել են ՀԱՊԿ քարտուղարությունից՝ մեկնաբանելով Փաշինյանի խոսքերը։
TACC-ի զրուցակիցները նաեւ նշել են, որ ուշադրություն են դարձրել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի նախօրեին հնչեցրած պարզաբանումներին, ըստ որի՝ Փաշինյանը նկատի չի ունեցել, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ԱԺ նիստում հայտաարրել էր, որ դեռ կորոշեն, թե երբ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։ Նրա խոսքերով այդ ամենի մեղավորները նրանք են ովքեր ձեւավորել են «փուչիկ դաշինք, որի անդամները, պարզվեց, գնացել, Ադրբեջանի հետ պլանավորել են մեր դեմ պատերազմը»։
Արդեն այսօր՝ հունիսի 13-ին Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ «հաջորդ տրամաբանական քայլը ՀԱՊԿ-ից դուրս գալն է»։ Նա դա կապել էր այն բանի հետ, որ ՀԱՊԿ անդամ Բելառուսը մասնակցել է, «44-օրյա պատերազմը նախապատրաստելուն, քաջալերել, հավատացել է ու ցանկացել է, որ Ադրբեջանի հաղթանակ տանի»։
Հիշեցնենք, որ մայիսին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բաքու կատարած այցի ժամանակ խոստովանել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ մինչ 2020-ի 44-օրյա պատերազմը ունեցած զրույցի ժամանակ եկել էին ընդհանուր եզրակացության, որ հակամարտությունը կարելի է լուծել ռազմական ճանապարհով։