ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկու երկրների միջեւ անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել։ Այն նախատեսված է 10 տարով։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Իտալիայում ընթացող «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովի շրջանակներում։
Զելենսկին հրավիրվել էր աշխարհի յոթ առաջատար ժողովրդավարական երկրների ղեկավարների հանդիպմանը, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինային տրմադրվող աջակցությունը։
Reuters-ի փոխանցմամբ համաձայնագրի տեքստում ուղղակիորեն նշվում է, որ փաստաթղթի նպատակն է, ի թիվս այլ բաների, օգնել Ուկրաինային շարժվել դեպի ՆԱՏՕ։ Փաստաթուղթը չի ենթադրում Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու պարտավորություն՝ նրա դեմ ագրեսիայի դեպքում, ինչպես դա ամրագրված է Հյուսիսատլանտյան դաշինքի պայմանագում։ Ագրեսիայի կամ դրա սպառնալիքի դեպքում 24 ժամվա ընթացքում տրամադրվում է խորհրդատվական մեխանիզմ՝ որոշելու, թե ինչ միջոցներ կարող են ձեռնարկվել Ուկրաինայի պաշտպանական ներուժն ուժեղացնելու համար։
Համաձայնագիրը նաեւ վերահաստատում է ԱՄՆ-ի հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Միացյալ Նահանգները պարտավորվում է օգնել Ուկրաինային զենքի երկարաժամկետ մատակարարումներով, զինվորական անձնակազմի վերապատրաստմամբ եւ խորհրդատվություններով։
Ամերիկյան The Washington Post պարբերականը ընդգծում է․ քանի որ համաձայնագիրը չի պահանջում Կոնգրեսի հավանությունը, այն կարող է ցանկացած պահ չեղյալ համարվել ԱՄՆ ցանկացած հաջորդ նախագահի կողմից:
Համաձայնագրի ստորագրումից հետո Ջո Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության հասնելը պայմանավորված է ագրեսիայից պաշտպանվելու նրա ունակությամբ, եւ որ խաղաղությունն պետք է հիմնված լինի ինքնիշխանության եւ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների հարգման վրա։ Ըստ Բայդենի՝ G7 երկրները շարունակում են հավատարիմ մնալ Ուկրաինային աջակցելու, իսկ Իտալիայի գագաթնաժողովի որոշումները ամուր հիմքեր կդնեն Ուկրաինայի հաջողության համար։
Բայդենն նաեւ ընդգծել է, որ ՌԴ-ի տարածքում հեռահար հրթիռային հարձակումների հնարավորության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը չի փոխվել (ԱՄՆ-ը դեմ է նման հարձակումներին), ինչպես նաեւ նշել է, որ համաձայնագիրը չի նախատեսում Ուկրաինա ամերիկյան զորքերի ուղարկում։
Զելենսկին իր հերթին օրը «պատմական» է անվանել՝ նշելով, որ ԱՄՆ-ի հետ ձեռք բերված համաձայնությունը Ուկրաինայի անկախացումից ի վեր ամենակարեւոր երկկողմ համաձայնությունն է։ Ուկրաինայի նախագահը իր խոսքում նաեւ կոչ է արել Ուկրաինային տրամադրել եւս յոթ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր։ Բայդենն էլ պատասխանել է՝ ասելով, որ մոտ ապագայում Ուկրաինային կմատակարարվեն հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր՝ չնշելով դրանց հստակ թվաքանակը։
Բայդենը նաեւ քննադատել է Չինաստանին՝ ասելով, որ վերջինս շարունակում է Ռուսաստանին աջակցել՝ նյութերի եւ սարքավորումների մատակարարումներով: