Լեռնային Ղարաբաղում 2018-ից 2022 թվականներին հայ-ադրբեջանական հակամարտության սրման ժամանակահատվածում Բելառուսը Ադրբեջանին զենք եւ ռազմական օգնություն է մատակարարել, գրում է Politico-ն՝ վկայակոչելով բելառուսական կողմի դիվանագիտական եւ ռազմական փաստաթղթերի արտահոսքի արդյուքնում ստացված տեղեկատվությանը։
Պարբերականը ուսումնասիրել է զենք արտահանող ռազմաարդյունաբերական բելառուսական պետական գործակալության ձեռնարկությունների, ինչպես նաեւ Ադրբեջանի համար «Гроза-С» հակահրթիռային պաշտպանության համակարգերի գնման համակարգման վերաբերյալ երկու երկրների նամակագրությունը։Ըստ Politico-ի՝ Բելառուսից Ադրբեջանին տրմադրված օգնությունը ներառել էր հին հրետանային զինատեսակների արդիականացում, ինչպես նաեւ ռադիոէլեկտրոնային պայքարի եւ անօդաչու թռչող սարքերի համար օգտագործվող նոր սարքավորումների մատակարարում։
Պարբերականի մոտ հայտնված դիվանագիտական հաղորդագրություններից մեկում ասվում է, որ բելառուսական ձեռնարկությունները ակտիվ դեր են խաղում «Ադրբեջանի օկուպացված տարածքների վերականգնման, ինչպես նաեւ բելառուսական ապրանքների եւ ծառայությունների երկիր արտահանման գործում»։
Politico-ն նշում է, որ Հայաստանի ՀԱՊԿ դաշնակից Բելառուսի կայացրած որոշումը, որը Ադրբեջանին զգալի առավելություն է տվել ռազմական հակամարտությունների շարքում, Երեւանը կդիտարկի որպես «դառը դավաճանություն»։
Պարբերականի հետ զրուցած փորձագետները նշել են, որ Բելառուսը դժվար թե կարողանար գործել «առանց Կրեմլի լուռ աջակցության»։
«Ծիծաղելի է կարծել, որ այդ փոխադրումները կարող էին տեղի ունենալ առանց Մոսկվայի իմացության, եւ որ Ռուսաստանը ցանկության դեպքում չէր կարող դադարեցնել դրանք։ Չկա հավատարմություն, երբ խոսքը վերաբերում է Մոսկվային, ամեն ինչ կապված է իր սեփական անվտանգության պահպանման հետ, նույնիսկ եթե դե պետք է ապահովվի դաշնակիցների հաշվին»․- ասել է «Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի» անդամ Իվանա Ստրադները:
Ադրբեջանի եւ Բելառուսի կառավարությունները չեն պատասխանել մեկնաբանությունների համար պարբերականի ուղարկած հարցումներին։