Հայաստանի կառավարությունը թույլ չի տա որպեսզի «կղերաֆեոդալական» էլիտան Լեռնային Ղարաբաղի ժողովրդին օգտագործի իր կլանային նպատակների համար։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ այսօր հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով արցախահայերի բնակարանվորման ծրագրի մեկնարկի մասին։
«Ուզում եմ ընդգծել կառավարության քաղաքական կամքը, որ թույլ չենք տալու՝ Լեռնային Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտան Լեռնային Ղարաբաղի ժողովրդին փորձի օգտագործել իր կլանային նպատակների համար։ Մենք շատ համբերատար ենք, շատ հանդուրժող ենք, մեր սերը չենք թաքցնում, բայց որեւէ մեկը սա չպետք է շփոթի իշխանության թուլության հետ։ Հույս ունեմ, որ այս ուղերձների հասցեատերերը կընդունեն դրանք ու չեն հասցնի նրան, որ մենք առաքենք այդ ուղերձները կոնկրետ հասցեներով»,- իր ելույթի ժամանակ ասել է վարչապետը։
Նախօրեին Ազգային ժողովում 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ «կղերաֆեոդալական էլիտան» ուզում է իշխանափոխություն իրականացնել՝ նշելով․ «Ինչպես Ղարաբաղը հանձնեցին, այնպես էլ ուզում են Հայաստանի Հանրապետությունը հանձնել ՀԱՊԿ-ին»։