Ռուսաստանը պետք է մշակի Եվրասիայում «հավասար եւ անբաժանելի» անվտանգության սեփական համակարգը։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է արտաքին գործերի նախարարության ղեկավարության հետ հանդիպմանը։
«Ակնհայտ է, որ մենք ականատես ենք եվրաատլանտյան անվտանգության համակարգի փլուզմանը։ Այսօր այն պարզապես չկա, իրականում այն պետք է նորովի ստեղծվի։ Այս ամենը պահանջում է, որ մենք մեր գործընկերների, բոլոր շահագրգիռ երկրների հետ միասին, որոնք քիչ չեն, մշակենք Եվրասիայում անվտանգության ապահովման մեր տարբերակները, այնուհետեւ դրանք առաջարկենք լայն միջազգային քննարկման»,-նշել է Պուտինը։
ՌԴ նախագահի խոսքերով խոսքն այս դեպքում գնում է այն մասին, որ տեսանելի ապագայում Եվրասիական մայրցամաքում ձեւավորվի հավասար եւ անբաժանելի անվտանգության, փոխշահավետ, հավասար համագործակցության եւ զարգացման ուրվագիծ։