Հայաստանում շատերը չգիտեն՝ ինչ է Ալցհայմերի հիվանդությունը, տեղեկություն չունեն դեմենցիայի (ծերունական թուլամտություն) տեսակների, փուլերի ու կանխարգելման մասին եւ հաճախ հիշողության խնդիրներն ընկալում են որպես ծերացման բաղադրիչ։
Մարդիկ սովորաբար բժշկի են դիմում այն ժամանակ, երբ արդեն հնարավոր չէ կանխարգելել հիվանդությունը։ Զարգացած երկրներում Ալցհայմերի հիվանդության դեմ ակտիվ եւ արդյունավետ պայքարի շնորհիվ հնարավոր է դեմենցիա ունեցող տարեցների կյանքի որակը բարելավել, հիվանդության ընթացքը հնարավորինս դանդաղեցնել։
Ի՞նչ է դեմենցիան
Դեմենցիան ծերունական կամ նախածերունական հիվանդություն է, որը դասվում է հոգեկան հիվանդությունների շարքին։ Դրա զարգացմանը նպաստում են անոթային խնդիրները, արյան բարձր ճնշումը, շաքարային դիաբետը, ավելորդ քաշը, ծխելը, ալկոհոլի չարաշահումը, ֆիզիկական ակտիվություն չունենալը, դեպրեսիան, օրական ութ ժամից պակաս քնելը եւ այլն։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով (հրապարակվել է 2023-ի մարտին)` աշխարհում կա դեմենցիա ունեցող ավելի քան 55 միլիոն մարդ; Շուրջ 60%-ն ապրում է ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկրներում։
Դեմենցիան ուղեղի վրա ազդող տարբեր պաթոլոգիաների եւ վնասվածքների հետեւանք է: Դրա ամենատարածված ձեւն Ալցհեյմերի հիվանդությունն է, որը, ըստ հաշվարկների, կազմում է դեպքերի 60-70%-ը:
Հիվանդության ախտանշաններն են ապակողմնորոշումը, բնավորության որոշակի գծերի սրացումը, ագրեսիվությունը, որի պատճառով ընտանիքում հաճախակի են կոնֆլիկտներ լինում։ Հարազատները պետք է հասկանան, որ սա բնավորության փոփոխություն չէ, այլ առողջական խնդիր, եւ մասնագիտական աջակցություն է հարկավոր։ Բայց, որպես կանոն՝ դեմենցիա ունեցողները կամ նրանց ընտանիքի անդամները բժշկի դիմում են ուշացած, երբ հիվանդությունն արդեն զարգացած է լինում, եւ սկսվում են փսիխոտիկ վիճակներ։ Անհրաժեշտ է հիվանդության վաղ փուլում դիմել, որպեսզի հնարավոր լինի կանխարգելել հիվանդությունը։
Հայաստանի Հանրապետությունը համարվում է ծերացող երկիր: Եթե մոտ ապագայում մինչկենսաթոշակային տարիքի բնակչության ծավալուն միգրացիոն ներհոսք կամ ծնելիության կտրուկ աճ չլինի, այն կդառնա ծերացած երկիր, որը կառաջացնի սոցիալ-տնտեսական համալիր հիմնախնդիրներ, այդ թվում` առողջապահական:
Ըստ վիճակագրրական կոմիտեի տվյալների՝ 65 եւ բարձր տարիք ունեցող անձանց թիվը 2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է Հայաստանի Հանրապետության ընդհանուր բնակչության 12.6 %-ը: 63 եւ ավելի բարձր տարիքային խմբի ընդհանուր թվում կանայք 59.9 % են։
Հանրապետությունում 2020 թվականի տվյալներով՝ կյանքի սպասվող միջին տեւողությունը 73.5 տարի է
Ունենալ արդյունավետ ռազմավարություն
2017 թվականին ամերիկահայ ծերաբույժ Ջեյն Մահաքյանը հիմնադրեց «Ալցհայմերի խնամք Հայաստան» հասարակական կազմակերպությունը՝ նպատակ ունենալով բարձրացնելու իրազեկության մակարդակը եւ զարգացնելու կայուն ծրագրեր եւ ծառայություններ Հայաստանում Ալցհայմերի հիվանդություն ունեցող մարդկանց եւ նրանց ընտանիքների համար։ Կազմակերպության գլխամասային գրասենյակը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Կլեմենտե քաղաքում է։ «Ալցհայմերի խնամք Հայաստան» հասարակական կազմակերպության ծրագրերն իրականություն են դառնում «Հովնանյան ընտանիք» հիմնադրամի աջակցությամբ։
«Ալցհայմերի խնամք Հայաստան»-ը 2018 թվականի հոկտեմբերին Երեւանի պետական բժշկական համալսարանում կազմակերպեց «Օգնենք Հայաստանին պայքարել Ալցհայմերի հիվանդության խնդիրների դեմ» խորագրով միջազգային համաժողով, որի նպատակն էր իրազեկման եւ կրթության միջոցով օգնել Հայաստանին՝ բարձրացնելու Ալցհայմերի հիվանդության վերաբերյալ իրազեկման եւ հիվանդների խնամքի մակարդակը: Համաժողովին ներկա էին թե՛ հայ, թե՛ օտարերկրացի մասնագետներ: Դրանից հետո ծրագիրը նոր թափ առավ։
Կազմակերպությունը սերտորեն համագործակցում է պետական մարմինների՝ առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների հետ։ Աշխատում է նաեւ «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի հետ, մշակում նոր ծրագրեր, որոնք բարձրացնում են ծերունական թուլամտություն ունեցող անձանց խնամքի որակը։
«Ալցհայմերի խնամք Հայաստան» ծրագրի ղեկավար Օֆելյա Կամավոսյանն ասում է՝ Ալցհայմերի հիվանդությունը եւ դեմենցիայի այլ տեսակները Հայաստանում տարածված են եւ աճ են գրանցում։
Հիշողության ակումբներ տարեցների համար
«Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ-ն հիմնադրելուց հետո ծերաբույժ Ջեյն Մահաքյանը որոշեց Հայաստանում հիշողության ակումբներ ստեղծել եւ 2019-ին Վանաձորում գտնվող «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հետ պիլոտային ծրագիր արեց։
Տարեցները սկսեցին հաճախել հիշողության ակումբ, որտեղ սնվում էին, դասերի մասնակցում, ձեռքի աշխատանքներ պատրաստում, երեխաների ու մասնագետների հետ շփվում, տարբեր խաղեր խաղում։ Կային տարեցներ, որոնք միշտ դժգոհ էին կամ ագրեսիվ վարքագիծ ունեին, բայց հիշողության ակումբ այցելելուց հետո նրանց վարքագիծը փոխվեց։
Պիլոտային ծրագիրը հաջողությամբ անցկացնելուց հետո «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի գրասենյակներում հիմնվեցին հիշողության ակումբներ։ Որոշ ժամանակ անց այդպիսի ակումբ հիմնադրվեց նաեւ «Նորքի տուն-ինտերնատ»-ում։
Բժիշկ Ջեյն Մահաքյանը վստահեցնում է՝ եթե ճանաչողական ֆունկցիայի խախտում ունեցողը հիշողության ակումբ է հաճախում, ծերացումն, իսկապես, դանդաղում է։ Բազմաթիվ տարեցներ կեսաթոշակային տարիքի հասնելուց հետո աշխատանք, զբաղմունք չեն ունենում, ու սա եւս բացասաբար է ազդում նրանց առողջության վրա։
Հիշողության ակումբները լուծում են այս հարցը՝ ծերերին հնարավորություն ընձեռելով հետաքրքիր առօրյա ունենալու, նոր հմտություններ յուրացնելու, նոր սիրելի զբաղմունք ունենալու։
Մեր երկրում այժմ երեք հիշողության ակումբ եւ երկու սրճարան կա տարեցների համար։ Դրանցից երկուսը մարզերում են։ Գյումրիում տարեցների համար սրճարան է գործում, իսկ Վանաձորի «Օրրան»-ում՝ ակումբ։
Տարեցներին խնամողները եւս օգնության, տեղեկացված լինելու կարիք ունեն։ Նրանք հաճախ չգիտեն, թե որ մասնագետներին պետք է դիմել, իսկ հեռախոսակապն օգնում է այսպիսի հարցերի պատասխանները գտնելու։ «Ալցհայմերի խնամակալների օգնության ազգային հեռախոսակապը» տարեցներին խնամողներին հնարավորություն է տալիս ստանալու նաեւ հոգեբանական աջակցություն։
«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ առողջապահության նախարարության հետ համատեղ մշակվել է դեմենցիայի կանխարգելման ազգային պլան, որի նպատակն առողջ ծերացող բնակչություն ունենալն է։ Կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի նիստի ընթացքում հաստատվեց Առողջապահության նախարարության ներկայացրած՝ 2023-2026 թվականների առողջապահական ոլորտի զարգացման ռազմավարության նախագիծը, որով նախատեսվում է դեմենցիայի կառավարման ազգային ծրագիր իրականացնել։
Ըստ դրա՝ համակարգվելու են նաեւ առողջապահական ծառայությունները՝ ապահովելով շահառուների ավելի որակյալ բուժումն ու խնամքը։ Դեմենցիայի կանխարգելման ազգային պլանի շրջանակում իրագործվող միջոցառումները պետք է նպաստեն, որ դեմենցիան ժամանակին ախտորոշվի, ու բուժառուների կյանքի որակը լավանա։ Հաջորդ կարեւոր նպատակը բուժառուների ընտանիքի անդամների, խնամատարների կարողությունների բարձրացումն է:
Առողջ ուղեղի հայկական ծրագիր
2022 թվականի հունիսի 1-ից «Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ-ն Դավոսի Ալցհայմերի համագործակցության ծրագրի շրջանակում իրականացնում է «Առողջ ուղեղի հայկական ծրագիր»-ը։ Այն ունի մոտ 15 հոգանոց միջդիսցիպլինար թիմ, որում ներառված են հոգեբան, սոցիալական աշխատող, բժիշկներ, բուժքույրեր, պալիատիվ խնամքի մասնագետներ։
Թիմում ներառված են նաեւ նյարդաբանության գծով ՀՀ ԱՆ խորհրդատու Սամսոն Խաչատրյանը, հոգեբուժության եւ բժշկական հոգեբանության գծով խորհրդատու Գեւորգ Փաշիկյանը։ Թիմն առաջնային օղակի բժիշկների համար անցկացնում է անվճար վերապատրաստման ծրագրեր։ Մասնագետներն այցելում են Երեւանի, մարզերի պոլիկլինիկաներ եւ թրեյնինգներ անցկացնում դեմենցիայի վերաբերյալ։
«Առաջին փուլում մայրաքաղաքում եւ մարզերում սքրինինգային ծրագիր է անցկացվել։ Դեմենցիայի առկայությունը եւ աստիճանը ստուգելու համար հիշողության գնահատում է իրականացվել հատուկ թեստի միջոցով․ նաեւ դրա միջոցով է հնարավոր դառնում հիվանդության ախտորոշումը։ Ծրագրի երկրորդ փուլում այցելում ենք դեմենցիա ունեցող քաղաքացիներին»,- նշում է Օֆելյա Կամավոսյանը։
«Առողջ ուղեղի հայկական ծրագրի» իրականացմանն աջակցել են ՀՀ առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունները, իսկ ծրագրի գործընկերը «Հայկական ակնաբուժության նախագիծ»-ն է։
Հիշողության գնահատման հետ կապված՝ սքրինինգային ծրագիր իրականացնելը հեշտ չէր․ այն նոր երեւույթ էր մեր երկրում։ Քանի որ Հայաստանում պրոֆիլակտիկ նպատակով բժշկին դիմելու մշակույթն այնքան էլ տարածված չէ, առավել եւս, երբ խոսքը վերաբերում է հիշողությունը գնահատող թեստավորում անցնելուն, մասնագետները ելքը գտել են։
«Հայկական ակնաբուժության նախագիծ»-ը հետազոտություններ է անցկացնում Երեւանում ու մարզերում, իսկ «Առողջ ուղեղի հայկական ծրագիր»-ը միացել է այդ նախագծին։
Քաղաքացիները ստուգում են իրենց տեսողությունը, դրանից հետո նրանց առաջարկվում է հիշողությունն էլ ստուգել թեստի միջոցով։
Շատերը համաձայնել են եւ լրացրել թեստը։ Թեստերի արդյունքների միջոցով հնարավոր է եղել հետազոտություն անցկացնել եւ որոշակի վիճակագրական պատկեր ունենալ։
Հետազոտության ընդհանրական արդյունքը տրամադրվելու է առողջապահության նախարարությանը, որպեսզի հետագա ծրագրերն իրականացնելիս այս տվյալներն ուսումնասիրվեն, օգտագործվեն։
Թեստավորվել է ավելի քան 1000 քաղաքացի
40-ից բարձր տարիքի քաղաքացիների հիշողության գնահատումը ցույց է տվել, որ 35.7%-ն ունի կոգնիտիվ ֆունկցիաների խանգարումներ։
Կան, օրինակ, 50 տարեկան անձինք, որոնք կոգնիտիվ ֆունկցիայի խանգարում ունեն, եւ սկզբնական շրջանում իրենք էլ չգիտեն այդ մասին։ Եթե հիվանդության սկզբնական փուլում դեմենցիա ունեցողը դեղորայք ընդունի, սննդակարգն ու ապրելակերպը փոխի, հնարավոր է հիվանդությունը կանխարգելել, իսկ եթե դա չարվի, դեմենցիան կարող է խորանալ։
«Դեմենցիան բուժել հնարավոր չէ, բայց, անշուշտ, կարելի է կանխարգելել, կյանքի որակը բարելավել»,- բացատրում է Օֆելյա Կամավոսյանը։
«Ալցհայմերի խնամք Հայաստան»-ը հասարակությանն իրազեկելու աշխատանքներ է կատարում։ «Հայաստանի հանրային ռադիոյով» 2022 թվականից յուրաքանչյուր կիրակի հեռարձակվում է «Երկրորդ շունչ» հաղորդումը։
Կազմակերպությունը մայրաքաղաքում ու մարզերում շարունակաբար վերապատրաստման ծրագրեր է անցկացնում առողջության առաջնային պահպանման օղակի (ԱԱՊ) բժիշկների համար։
Հիմնականում հենց առաջին օղակի բժիշկներն են առնչվում դեմենցիա ունեցող անձանց հետ, ուստի նախ եւ առաջ նրանց է անհրաժեշտ վերապատրաստել։
Դեմենցիայի առաջին նշանների ի հայտ գալուն պես ճիշտ արձագանքի, ուղղորդելու գործում մեծ է առողջության առաջնային պահպանման օղակներում աշխատող մասնագետների դերը։
Համագործակցություն ՆԳՆ կրթահամալիրի հետ
«Ալցհայմերի խնամք Հայաստան»-ը 2024 թվականի մարտին համագործակցություն է սկսել ՀՀ Ներքին գործերի նախարարության կրթահամալիրի հետ։
Ապրիլի 15-ից պարեկները կստանան նոր գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են դեմենցիա ունեցողների հետո շփվելու համար: Դասընթացի ընթացքում իրավապահները կսովորեն ճանաչել դեմենցիայի ախտանշանները, հաղորդակցվել եւ արդյունավետ աշխատել նրանց հետ։
«Իրավապահները երբեմն առնչվում են դեմենցիա ունեցողների հետ։ Անհրաժեշտ է, որ նրանք իմանան հիվանդության մասին, որպեսզի կարողանան պատշաճ կերպով արձագանքել։ Սա նշանակալի եւ կարեւոր քայլ է Ալցհայմերի հիվանդությամբ ապրող անձանց վերաբերող կարծրատիպերը նվազեցնելու համար։ Ոգեւորված ենք իրավապահ մարմինների հետ համագործակցության եւ դեմենցիայի վերաբերյալ վերապատրաստման ծրագրի իրականացմամբ»,- նշում է Ջեյն Մահաքյանը:
Նա վստահեցնում է՝ «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը դեռ շատ ծրագրեր ունի, որոնք առաջիկայում պիտի կյանքի կոչվեն։ «Կատարված աշխատանքի արգասիքն արդեն իսկ նկատելի է։ Հույս ունենք, որ ավելի նշանակալի արդյունքներ ենք գրանցելու, մենք աշխատում ենք դրան հասնելու համար»։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։