Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Արտաքին գործերի նախարարությունում ունեցած ելույթի ժամանակ նշել է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման պայմանները։ Ելույթը հեռարձակել է «Россия 24» հեռուստաալիքը։
ՌԴ նախագահը հայտարարել է, որ Կիեւը պետք է ուկրաինական զորքերը ամբողջությամբ դուրս բերի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի եւ Զապորոժիեի շրջանների տարածքներից՝ վարչական սահմանների գծով։ Բացի այդ, Ուկրաինան պետք է տեղեկացնի ՆԱՏՕ-ին անդամակցելուց իր հրաժարվելու մասին։
Եթե այս պայմանները կատարվեն, Ռուսաստանը «անհապաղ» կդադարեցնի կրակը, հավաստիցարել է Պուտինը։
«Թույլ տվեք ձեր ուշադրությունը հրավիրել․ հենց, այդ շրջանների ողջ տարածքից՝ իրենց վարչական սահմանների գծով, որոնք գոյություն են ունեցել դրանց Ուկրաինայի կազմում եղած ժամանակ։ Հենց Կիեւում հայտարարեն, որ պատրաստ են նման որոշմանը եւ սկսեն զորքերի իրական դուրսբերումը այս շրջաններից, ինչպես նաեւ պաշտոնապես կտեղեկացնեն ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից հրաժարվելու մասին, մեր կողմը անմիջապես, բառացիորեն նույն րոպեին, կստանա կրակը դադարեցնելու եւ բանակցություններ սկսելու հրաման»,-ասել է ՌԴ նախագահը։
Նրա խոսքով՝ ռուսական առաջարկի էությունը «ժամանակավոր զինադադարը չէ»։ Խոսքը ոչ թե հակամարտությունը սառեցնելու, այլ դրա «վերջնական ավարտի» մասին է, հավելել է ՌԴ նախագահը։
Որպես հակամրտության խաղաղ կարգավորման լրացուցիչ պայմաններ Պուտինը նաեւ նշել է Ուկրաինայի չեզոք եւ ոչ միջուկային երկրի կարգավիճակը, ինչպես նաեւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը։
«Մենք կցանկանայինք, որ նման որոշումը՝ ե՛ւ զորքերի դուրսբերման, ե՛ւ արտադաշնակցային կարգավիճակի, ե՛ւ Ռուսաստանի հետ երկխոսության մեկնարկի վերաբերյալ, որից կախված է Ուկրաինայի ապագա գոյությունը, Կիեւում կայացնեն անկախ՝ առաջնորդվելով Ուկրաինայի ժողովրդի իրական ազգային շահերով։ Այլ ոչ թե արեւմտյան հրամանով։ Չնայած այս հարցում մեծ կասկածներ կան»,-ասել է Պուտինը։
Նա հավելել է, որ այսօր Մոսկվան հանդես է գալիս «մեկ այլ կոնկրետ, իրական խաղաղության առաջարկով»։
«Եթե Կիեւը եւ արեւմտյան մայրաքաղաքները հրաժարվեն դրանից, ապա դա նրանց գործն է, արյունահեղության շարունակման համար նրանցը կլինի քաղաքական եւ բարոյական պատասխանատվությունը»,-եզրափակել է Պուտինը։