Հայաստանը բելառուսական կողմին ներկայացվել է բողոքի հայտագիր Բելառուսի ԱԳՆ խոսնակ Անատոլի Գլազի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ: Այս մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։
«Հավելենք, որ երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է»,-ասվում է ՀՀ ԱԳՆ խոսնակի գրառման մեջ:
Հիշեցնենք, որ նախօրեին Բելառուսի ԱԳՆ խոսնակ Անատոլի Գլազը հայտարարելով Երեւանից իր երկրի դեսպանին հետ կանչելու մասին նշել էր․ «Մենք երբեք ոչինչ չենք արել մեր ընկերներին վնասելու համար, չենք խառնվում ներքին գործերին, հարգում ենք հայ ժողովրդին եւ անկեղծորեն մաղթում այնպիսի առաջնորդներ, ովքեր իսկապես կմտածեն երկրի ապագայի եւ ժողովրդի բարօրության մասին»։
Դրանից առաջ էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ-ում հայտարարել էր, որ ոչ ինքը, ոչ էլ հայկական որեւէ պաշտոնական ներկայացուցչություն այլեւս Բելառուս չեն մեկնի, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։
Վարչապետն իր նման որոշումը կապել էր մայիսին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոի Բաքու կատարած այցի ժամանակ արած այն խոստովանության հետ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ մինչ 2020-ի 44-օրյա պատերազմը ունեցած զրույցի ժամանակ եկել էին ընդհանուր եզրակացության, որ հակամարտությունը կարելի է լուծել ռազմական ճանապարհով։
Փաշինյանը իր ելույթում ընդգծել էր, որ ՀԱՊԿ անդամ Բելառուսը մասնակցել է, «44-օրյա պատերազմը նախապատրաստելուն, քաջալերել, հավատացել է ու ցանկացել է, որ Ադրբեջանի հաղթանակը»։
Վարչապետի հայտարարություններին հաջորդել էր Բելառուսում Հայաստանի դեպսանին խորհրդակցությունների նպատակով հետ կանչելու մասին ՀՀ ԱԳ նախարարության հաղորդագրությունը։