Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած հավաքի ընթացքում հունիսի 12-ին ՀՀ ոստիկանության կողմից կիրառվել են տասնյակից ավելի հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակներ, ինչի հետեւանքով տուժել են ինչպես հավաքի մասնակիցները, այնպես էլ լրատվության միջոցների ներկայացուցիչներ։
Այս մասին ասվում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի, Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամի, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ-ի, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի, Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ի, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ ՀԿ-ի, Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեի, «Ամբրելլա» միազգային լրագրողների ցանց ՀԿ-ի, ինչպես նաեւ իրավապաշտպաններ Զարուհի Հովհաննիսյանի, Հասմիկ Գեւորգյանի, Տաթեւիկ Ղարիբյանի, Իզաբելլա Սարգսյանի, փաստաբան Հասմիկ Պետրոսյանի, բնապահպաններ Ինգա Զարաֆյանի, Արթուր Գրիգորյանի եւ ազգագրագետ Գայանե Շագոյանի համատեղ հայտարարության տեքստում։
Մեջբերում ենք հայտարարության տքստն ամբողջությամբ։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ ՀՀ կողմից վավերացված մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերը երաշխավորում են խաղաղ հավաքների ազատության իրավունքը, ինչպես նաեւ անմարդկային եւ դաժան վերաբերմունքից պաշտպանվելու բացարձակ իրավունքը։ Թեեւ հավաքների ազատության իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով նախատեսված հիմքերով եւ իրավաչափ նպատակի հասնելու համար, սակայն նման սահմանափակումը պետք է անհրաժեշտ եւ համաչափ հետապնդվող նպատակին։
Միջազգային չափանիշների համաձայն՝ առանձին բռնի գործողությունների դրսեւորումները ամբողջ հավաքը չեն վերածում ոչ խաղաղ հավաքի, եւ ներպետական մարմինները պարտավոր են ներկայացնել հստակ հիմնավորվածություն այնպիսի ծայրահեղ միջոցների կիրառման համար, ինչպիսիք են հատուկ միջոց, այդ թվում՝ լուսաձայնային նռնակները։ Ավելին, ցանկացած դեպքում հատուկ միջոցի կիրառումը պետք է լինի խիստ անհրաժեշտ՝ պայմանավորված կոնկրետ անձանց վարքագծով եւ պետք է անփոխարինելի եւ համաչափ լինի հետապնդվող իրավաչափ նպատակին։
Միջազգային իրավական չափանիշները պահանջում են, որ հատուկ միջոցների գործադրումը կարգավորվի հստակ կանոններով, իսկ դրանք կիրառող իրավապահ մարմինների ծառայողները պետք է անցնեն պատշաճ վերապատրաստում, եւ ցույցերի ընթացքում ենթակա լինեն վերահսկողության։ Բացի այդ՝ ուժի կիրառման ցանկացած դեպքից հետո, հատկապես եթե այն կիրառվել է բռնի դիմադրություն չցուցաբերող անձանց նկատմամբ, պարտադիր է իրականացնել ուժի կիրառման անհրաժեշտության, համաչափության եւ ողջամտության արդյունավետ գնահատում։
Նշված հավաքը ի սկզբանե խաղաղ էր իր բնույթով, մասնակիցները՝ անզեն։ Թեեւ հավաքի ընթացքում իրարանցման եւ հրմշտոցի արդյունքում հավաքի խումբ մասնակիցների եւ կազմակերպիչների կողմից բռնի գործողություններ կատարվեցին, այդ թվում՝ Սիրահարների այգու պարիսպները կոտրելը, ոստիկանների ուղղությամբ առարկաներ նետելը, Ոստիկանությունը նշված ցուցարարներին մեկուսացնելու փոխարեն, ըստ էության, առանց պատշաճ նախազգուշացման հատուկ միջոց` նռնակներ գործադրեց հավաքի մասնակիցների, այդ թվում խաղաղ մասնակիցների եւ հավաքը լուսաբանող լրագրողների նկատմամբ։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը սահմանում է հատուկ միջոցների կիրառման կարգն ու չափանիշները։ Հատուկ միջոց նռնակների գործադրման անհրաժեշտությունը եւ համաչափությունը Ոստիկանության կողմից չի հիմնավորվել։ Այն փաստարկները, որ հատուկ միջոցները կիրառվել են, քանի որ ցուցարարները փորձում էին ճեղքել ոստիկանական պատնեշը եւ հարձակվել ՀՀ Ազգային ժողովի շենքի վրա անհիմն է, քանի որ ցուցարարները գտնվում էին հարակից՝ Սիրահարների այգու տարածքում, եւ Ազգային ժողովի շենքին որեւէ ուղղակի եւ իրական վտանգ չէր ներկայացվում։ Ոստիկանությունը նույնպես նման հարձակման անմիջական սպառնալիքի անխուսափելիության վերաբերյալ որեւէ ապացույց չի ներկայացրել։
Մինչդեռ, ոստիկանության ծառայողները կիրառել են հատուկ միջոցներ բազմամարդ հավաքի մասնակիցների նկատմամբ, եւ նրանց համար պետք է ակնհայտ լիներ, որ չէին ապահովվելու ՀՀ առողջապահության նախարարի 2012 թ․ թիվ 90-Ն հրամանով մարդու նկատմամբ կիրառվող հատուկ միջոցների թույլատրելի չափանիշները եւ մասնավորապես՝ հատուկ միջոցը մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա կիրառելու պահանջը, որի չպահպանումը ողջամտորեն եւ անխուսափելիորեն առաջացնելու էր մասնակիցների շրջանում տարբեր աստիճանի վնասվածքներ եւ առողջության վնաս, ինչ ոստիկանության կողմից պետք է պարտադիր հաշվի առնվեր հատուկ միջոցի ընտրության փուլում եւ բացառվեր նման միջոցի գործադրումը, ինչի արդյունքում տուժել են ոչ միայն հավաքի խաղաղ մասնակիցները, այլեւ հավաքը լուսաբանող լրագրողները եւ օպերատորները։
Այսպիսով, ոստիկանության ծառայողների կողմից հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակների կիրառումը ոչ անհրաժեշտ եւ ոչ համաչափ էր, հետեւաբար՝ ոչ իրավաչափ էր։
Ավելին, նույն հավաքի շրջանակներում Ոստիկանության ծառայողների կողմից ծեծ եւ բռնություն է գործադրվել հավաքի մասնակիցների նկատմամբ, արժանապատվությունը վիրավորող եւ նվաստացուցիչ արտահայտություններ հնչեցվել նրանց նկատմամբ, այդ թվում՝ ինչպես անմիջապես հավաքի վայրում, այնպես էլ նրանց բերման ենթարկելու ընթացքում եւ Ոստիկանության ծառայողների անմիջական վերահսկողության տակ գտնվելու ժամանակ։ Արձանագրվել է, որ ոստիկանության ծառայողների կողմից ծեծի եւ բռնության ենթարկվելու արդյունքում հոսպիտալացվել է Աբրահամ Գասպարյանը, ում մոտ ախտորոշվել է կողերի կոտրվածք, գլխուղեղի ցնցում եւ այլ վնասվածքներ։
Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, իրավապաշտպաններս եւ անհատ անձինք խստորեն դատապարտում ենք ՀՀ ոստիկանության անօրինական գործողությունները եւ բռնարարքների յուրաքանչյուր դրսեւորում, որոնք համակարգային անպատժելության հետեւանք են՝ ապահովված ինչպես քննչական եւ դատախազական մարմինների, այնպես էլ դատական համակարգի կողմից։ Նախորդ տարիներին ոստիկանության ծառայողների կողմից հավաքների մասնակիցների եւ դրանք լուսաբանող լրագրողների նկատմամբ կատարված որեւէ բռնարարքի, ինչպես նաեւ հատուկ միջոցների գործադրման համար ոստիկանության որեւէ ծառայող պատասխանատվության եւ պատժի չի ենթարկվել։
Ոստիկանության բռնարարքներն ու անօրինական գործողությունները քաջալերվում են եւ ուղղակիորեն հրահանգվում են քաղաքական իշխանության բարձրագույն մակարդակում՝ ինչպես անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից։ Վարչապետը հունիսի 12-ի հավաքին զուգահեռ Ազգային ժողովում իր անվերապահ աջակցությունը հայտարարեց ոստիկանության գործողությունների առնչությամբ՝ պնդելով, որ «բոլոր ոստիկանները, ովքեր կատարում են իրենց աշխատանքը, ճիշտ են անում» եւ շնորհակալություն հայտնելով եւ առավել սկզբունքայիններին իրենց աշխատանքի դրական գնահատականը հավաստելով՝ դրանով լիազորելով ոստիկանության բռնի գործողությունները հավաքի մասնակիցների նկատմամբ եւ երաշխավորելով դրանց համար անպատժելիությունը, իսկ հաջորդ օրը ոստիկանության գործողությունները շտապեց գնահատել՝ որպես «իրավաչափ եւ պրոֆեսիոնալ»։
Գործադիր իշխանության ղեկավարի նման հայտարարությունները ոչ միայն ուղիղ հրահանգ են ոստիկանության ծառայողներին, այլեւ իրավապահ համակարգին՝ ունակ ազդելու ոստիկանության գործողությունների քննության անկախության եւ օբյեկտիվության վրա։
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները բազմիցս արձանագրել են, որ հավաքների շրջանակներում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն ի պաշտոնե հարուցում է քրեական վարույթներ բացառապես հավաքի մասնակիցների ենթադրյալ անօրինական գործողությունների առնչությամբ եւ ոչ ոստիկանության ծառայողների կողմից ուժի գործադրման եւ բռնությունների կիրառման փաստերի առնչությամբ, ինչը եւս խորը մտահոգություն է առաջացնում իրավապահ համակարգի՝ Գլխավոր դատախազության եւ Քննչական կոմիտեի անկախության եւ անաչառության առնչությամբ։
Վերահաստատելով ոստիկանության համակարգում արմատական բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ մեր նախկին պնդումները՝ պահանջում ենք․
- ՀՀ գլխավոր դատախազությունից եւ ՀՀ քննչական կոմիտեից անհապաղ քրեական վարույթ նախաձեռնել 2024 թ․հունիսի 12-ին տեղի ունեցած հավաքի ընթացքում մասնակիցների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ հատուկ միջոցների կիրառման առնչությամբ եւ բռնությունների գործադրման դեպքերով եւ իրականացնել անկախ եւ արդյունավետ քննություն եւ պատասխանատվության ենթարկել նման խախտումներ թույլ տված ոստիկանության աշխատակիցներին եւ ապահովել հանրության տեղեկացվածությունը ձեռնարկված քայլերի վերաբերյալ,
- ՀՀ ներքին գործերի նախարարությունից հարգել խաղաղ ցույցի մասնակիցների իրավունքները, զերծ մնալ բռնություններից եւ այլ անօրինական եւ անհամաչափ ուժի գործադրումից եւ նրանց արժանապատվությունը նվաստացնող այլ գործողություններից, ապահովել ցանկացած խաղաղ բնույթ ունեցող հավաքի ընթացքը եւ ապահովել հավաքի ընթացքում ձեռնարկված ցանկացած միջոցների իրավաչափության գնահատման պարտադիր կանոններ,
Միեւնույն ժամանակ պահանջում ենք՝
- ՀՀ իշխանությունից երաշխավորել մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը եւ ապահովել իրավունքի գերակայության սկզբունքի իրականացումը Հայաստանի Հանրապետությունում։ ՀՀ քաղաքական ղեկավարությունը՝ ինչպես օրենսդիր եւ գործադիր իշխանության ղեկավարները, պարտավոր են ձեռնպահ մնալ ատելության խոսքի կիրառումից, ինչը հանգեցնում է քաղաքական իրավիճակի հետագա լարվածության ուժգնացման
- ՀՀ քաղաքական ղեկավարությունը պարտավոր է բացառել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ոստիկանությունը որպես գործիք օգտագործելու քաղաքականությունը եւ ձեռնպահ մնալ պաշտոնական քննություն իրականացնելու առաջ ոստիկանական գործողությունների վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց, որոնք անխուսափելիոերն կարող են ազդել քննության անկախության եւ անաչառության վրա։