Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ռազմական գործողությունները դադարեցնելու այսօր առաջարկած պայմանները, նշել է, որ Ռուսաստանը պատերազմը դադարեցնելու ցանկություն չունի, իսկ Պուտինի ներկայացրած առաջարկները խոսում են «ռուսական ներկայիս ղեկավարության՝ իրողությունները համարժեք գնահատելու անկարողության մասին»։
«Ռուսաստանից նոր «խաղաղության առաջարկներ» չեն եղել։ Սուբյեկտ Պուտինը միայն հնչեցրել է «ագրեսորի ստանդարտ հավաքածուն», որն արդեն մի քանի անգամ բարձրաձայնվել է։ Դրա բովանդակությունը բավականին սպեցիֆիկ է, խիստ վիրավորական է միջազգային իրավունքի համար եւ բացարձակ պերճախոս ձեւով խոսում է Ռուսաստանի ներկայիս ղեկավարության՝ իրողությունները համարժեք գնահատելու անկարողության մասին»,-X-ի էջում գրել է Պոդոլյակը։
Նրա խոսքերով ՌԴ նախագահի առաջարկները հնչում են այսպես․ «տվեք մեզ ձեր տարածքները», «հրաժարվեք ձեր սուբյեկտայնությունից եւ ինքնիշխանությունից», «ձեզ թողեք անպաշտպան», «անհապաղ եւ ամբողջական չեղարկեք բոլոր պատժամիջոցները, որպեսզի մենք կարողանանք համալրել մեր ռազմականացված տնտեսությունը ու ավելի շատ ներդրումներ կատարենք ողջ աշխարհով իրականացվող տեղեկատվական սադրանքների մեջ», ինչպես նաեւ «արագորեն ամրագրենք «Ռուսաստանի չպարտությունը» Ուկրաինայի հաշվին»։
«Իհարկե, սրանում ոչ մի նորություն չկա, չկա իրական խաղաղության առաջարկներ եւ պատերազմը դադարեցնելու ցանկություն։ Բայց ցանկություն կա չվճարել այս պատերազմի համար եւ շարունակել այն նոր ձեւաչափերով։ Այս ամենը լիակատար կեղծիք է։ Ուստի եւս մեկ անգամ ձերբազատվեք պատրանքներից եւ դադարեք լրջորեն վերաբերվել ողջախոհության համար վիրավորական «ռուսական առաջարկներին» ,-եզրափակել է գրառումը Պոդոլյակը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հունիսի 14-ին ելույթ ունենալով ՌԴ ԱԳ նախարարությունում, հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները, եթե Ուկրաինան դուրս բերի իր զորքերը իրեն պատկանող Դոնեցկի, Լուգանսկի, Զապարոժիեի եւ Խերսոնի մարզերի ողջ տարածքներից, ինչպես նաեւ հստակ հայտարարի ՆԱՏՕ-ին միանալու ցանկությունից հրաժարվելու մասին։
Բացի այդ, Ուկրաինան, ըստ Պուտինի, պետք է ճանաչի Ղրիմի եւ մյուս օկուպացված շրջանների կարգավիճակը՝ որպես Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներ, իսկ Արեւմուտքը պետք է չեղարկի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները։
Պուտինը պատերազմի դադարեցման պայմանների մասին հայտարարել է Շվեյցարիայում Ուկրաինայի կազմակերպած խաղաղության գագաթնաժողովի մեկնարկից մեկ օր առաջ։