ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը դատապարտել է Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու դիմաց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այսօր ներկայացրած պայմանները՝ դրանք անվանելով «ագրեսիայի եւ օկուպացիայի» առաջարկ։
«Սա բարի նպատակներով արված առաջարկ չէ։ Ըստ էության, սա առաջարկ է, որն ուղղված է ռազմական նպատակներին հասնելուն՝ ակնկալելով այն տարածքների լքում, որոնք նա ներկայումս նա օկուպացրել է Ուկրաինայում»,-ասել է Ստոլտենբերգը Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից հետո տված մամուլի ասուլիսում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հունիսի 14-ին ելույթ ունենալով ՌԴ ԱԳ նախարարությունում, հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները, եթե Ուկրաինան դուրս բերի իր զորքերը իրեն պատկանող Դոնեցկի, Լուգանսկի, Զապարոժիեի եւ Խերսոնի մարզերի ողջ տարածքներից, ինչպես նաեւ հստակ հայտարարի ՆԱՏՕ-ին միանալու ցանկությունից հրաժարվելու մասին։
Բացի այդ, Ուկրաինան, ըստ Պուտինի, պետք է ճանաչի Ղրիմի եւ մյուս օկուպացված շրջանների կարգավիճակը՝ որպես Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներ, իսկ Արեւմուտքը պետք է չեղարկի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները։
Պուտինը պատերազմի դադարեցման պայմանների մասին հայտարարել է Շվեյցարիայում Ուկրաինայի կազմակերպած խաղաղության գագաթնաժողովի մեկնարկից մեկ օր առաջ։
Ստոլտենբերգը այսօրվա ասուլիսում նաեւ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ավելի մեծ դեր կստանձնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման համակարգման գործում։
«Մենք համաձայնության ենք եկել մի պլանի շուրջ, որը նախանշում է, թե ինչպես պետք է ՆԱՏՕ-ն դեպի Ուկրաինա ուղղորդի անվտանգության ապահովման ու ուսուցման ոլորտի օգնությունը, ինչը հնարավորություն կտա ՆԱՏՕ-ի առաջնորդներին սկսել այդ ջանքերը հուլիսին Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովում: [․․․] Այս ջանքերը ՆԱՏՕ-ին չեն դարձնում հակամարտության կողմ, սակայն դրանք կամրապնդեն մեր աջակցությունը Ուկրաինային՝ պաշտպանելու իր իրավունքը հաստատելու հարցում»,-նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Ստոլտենբերգը նաեւ հավելել է, որ Դաշինքը կստանձնի ԱՄՆ-ի դերը՝ փորձելով պաշտպանել Ուկրաինային ուղղված աջակցության մեխանիզմը, եթե ԱՄՆ նախագահի պաշտոնին վերադառնա Դոնալդ Թրամփը եւ այս հարցերով ընդունի անկանխատեսելի որոշումներ։