Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ռազմական գործողությունների դադարեցման եւ խաղաղ բանակցությունների մեկնարկի պայմանները անվանել է «վերջնագիր, որին չի կարելի վստահել»։ Այս մասին նա ասել է իտալական Sky TG24 հեռուստաալիքին։
«Սրանք վերջնագրեր են, որոնք ոչնչով չեն տարբերվում նախկինում եղածներից», — ասել է Զելենսկին, ով Իտալիայում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների գագաթնաժողովին։
Նրա կարծիքով՝ Պուտինը «դադար չի տա»։
«Սա նույնն է, ինչ արեց Հիտլերը։ Այդ իսկ պատճառով մենք չպետք է վստահենք այս առաջարկներին», — նրա խոսքերը մեջբերում է Reuters գործակալությունը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հունիսի 14-ին ելույթ ունենալով ՌԴ ԱԳ նախարարությունում, հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները, եթե Ուկրաինան դուրս բերի իր զորքերը իրեն պատկանող Դոնեցկի, Լուգանսկի, Զապարոժիեի եւ Խերսոնի մարզերի ողջ տարածքներից, ինչպես նաեւ հստակ հայտարարի ՆԱՏՕ-ին միանալու ցանկությունից հրաժարվելու մասին։
Բացի այդ, Ուկրաինան, ըստ Պուտինի, պետք է ճանաչի Ղրիմի եւ մյուս օկուպացված շրջանների կարգավիճակը՝ որպես Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներ, իսկ Արեւմուտքը պետք է չեղարկի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները։
Պուտինը պատերազմի դադարեցման պայմանների մասին հայտարարել է Շվեյցարիայում Ուկրաինայի կազմակերպած խաղաղության գագաթնաժողովի մեկնարկից մեկ օր առաջ։