Շաբաթ օրը՝ հունիսի 15-ին, շվեյցարական Բուրգենստոկ հանգստավայրում մեկնարկեց երկօրյա գագաթնաժողովը, որը նախաձեռնել էր Ուկրաինան՝ «Խաղաղության բանաձեւ» կոչվող 10 կետից բաղկացած դիվանագիտական փաստաթուղթը քննարկելու համար, որն անհրաժեշտ է կատարել ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու համար։ Գագաթնաժողովում քննարկվել է նախաձեռնության միայն երեք կետ՝ միջուկային անվտանգություն, պարենային անվտանգություն, ինչպես նաեւ գերիների փոխանակում եւ դեպորտացիայի ենթարկված ուկրաինացի երեխաների վերադարձը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ իրենք որոշել են քննարկման չբերել մնացած «բարդ» հարցերը, քանի որ դրանց շուրջ վեճերը կարող են պառակտել գագաթնաժողովի մասնակիցներին։
Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 92 երկրների ներկայացուցիչներ։ Հայաստանից մասնակցել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ռուսաստանը գագաթնաժողովին հրավիրված չի եղել, սակայն գագաթնաժողովի առաջին օրը Զելենսկին խոստովանել է, որ հաջորդ նման համաժողովին կհրավիրեն ռուսական կողմին։ Reuters-ը հրապարակել է համաժողովի կոմյունիկեի նախագծի տեքստը։ Հունիսի 16-ի առավոտյան Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարեց, որ գագաթնաժողովում համատեղ հռչակագրի վրա աշխատանքն ավարտվել են, իսկ հռչակագրի տեքստը, ըստ նրա, «հավասարակշռված է» ստացվել, այն հաշվի է առել Ուկրաինայի համար հիմնարար կետերը։ Բացի այդ, Կուլեբան ասել է, որ «կգա այն պահը, երբ անհրաժեշտ կլինի խոսել Ռուսաստանի հետ»։ «[Բայց] մենք թույլ չենք տա Ռուսաստանին խոսել վերջնագրերի լեզվով»,-հավելել է Ուկրաինայի ԱԳ նախարարը։
Երկրորդ լիագումար նիստում Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան Վլադիմիր Պուտինի հայտարարած հրադադարի պայմաններն անվանել է «խաղաղություն, որը Ռուսաստանը կստանա պատերազմը շարունակելու համար»։ Նաուսեդան ընդգծել է, որ խաղաղության կարելի է հասնել միայն Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնումից հետո։
Սլովենիայի նախագահ Նատաշա Պիրց-Մուսարն էլ ընդգծել է, որ «եթե Ռուսաստանը դադարեցնի պայքարը, կդադարի պատերազմը, իսկ եթե Ուկրաինան դադարեցնի պայքարը, ապա կդադարի Ուկրաինայի գոյությունը»։ Նրա խոսքերով Ուկրաինայի պարտությունը կնշանակի «օրենքի գերակայության ավարտ»։
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն էլ ասել է, որ գագաթնաժողովը Ուկրաինայում պատերազմի ավարտի երկար ճանապարհի միայն սկիզբն է, սակայն ցույց է տալիս, որ «սա արդեն գլոբալ խնդիր է»։ Իր ելույթում դիմելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ռյուտեն նշել է․ «Ես ուզում եմ նրան ասել հետեւյալը. Այս սեղանի շուրջ շատերը կարծում են, որ Ռուսաստանը պետք է այսօր այստեղ լինի, եւ ես լիովին համաձայն եմ։ Դուք պետք է այստեղ լինեք: Անհրաժեշտ է, որպեսզի Ռուսաստանը ներգրավվի, բայց հզոր ազդանշանը, որ այսօր հնչում է, այն է, որ խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը հավատարիմ մնա այն հիմնական նորմերին եւ արժեքներին, որոնք վերաբերում են մեզ բոլորիս»։
Գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթուղթը, որի պատրաստ լինելու մասին առավոտյան հայտարարել է Դմիտրի Կուլեբան, մասնակից 92 երկրներից համաձայնել են ստորագրել 80-ը եւ ութ կազմակերպություններից՝ չորսը։
Հայաստանը, Բահրեյնը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Լիբիան, Մեքսիկան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Թաիլանդը, Հարավային Աֆրիկան, ինչպես նաեւ Բրազիլիան եւ Վատիկանը, որոնք գագաթնաժողովին մասնակցում էին որպես դիտորդ, ձեռնպահ մնացին ստորագրումից։
Ստորագրող երկրները հաստատում են իրենց հանձնառությունը՝ «զերծ մնալ ցանկացած պետության, այդ թվում Ուկրաինայի տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուժի սպառնալիքից կամ կիրառումից, բոլոր պետությունների, ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության սկզբունքների ոտնահարումից»։
Գագաթնաժողովում քննարկված «խաղաղության բանաձեւի» երեք կետերի վերաբերյալ կոմյունիկեի դրույթները ունեցել են հետեւյալ տեսքը.
- Ուկրաինական ատոմակայանները, մասնավորապես՝ Զապորոժիեի ատոմակայնը, պետք է գործեն Ուկրաինայի վերահսկողության ներքո եւ Ատոմային էներեգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) վերահսկողության ներքո։ Ուկրաինայում պատերազմի համատեքստում միջուկային զենքի ցանկացած սպառնալիք կամ կիրառում անընդունելի է։
- Ուկրաինայի գյուղատնտեսական արտադրանքը պետք է ապահով եւ ազատ մատակարարվի շահագրգիռ երրորդ երկրներին։ Սննդի անվտանգությունը չի կարող օգտագործվել որպես զենք։ Ուկրաինայի մուտքը դեպի Սեւ եւ Ազովի ծովերի նավահանգիստներ պետք է վերականգնվի։
- Բոլոր ռազմագերիները պետք է ազատ արձակվեն ամբողջական փոխանակման միջոցով։ Բոլոր արտաքսված եւ անօրինական տեղահանված ուկրաինացի երեխաները եւ այլ քաղաքացիական անձինք պետք է վերադառնան Ուկրաինա։
Կոմյունիկեի մեջ նաեւ նշվում է, որ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է երկխոսություն զինված հակամարտության բոլոր կողմերի միջեւ։ Փաստաթղթում Ռուսաստանը հիշատակվում է միայն մեկ անգամ՝ առաջին նախադասության մեջ։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Շվեյցարիայում խաղաղության գագաթնաժողովի արդյունքները ամփոփելիս հայտարարել է․ «Երբ Ռուսաստանը ասի, որ պատրաստ է խաղաղության՝ հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության վրա, այն ժամանակ կգա Ռուսաստանին խաղաղության ջանքերի մեջ ներառելու ժամանակը։ Եվ ճանապարհ կհարթվի դեպի խաղաղություն՝ որպես եզրափակիչ փուլ։ Հուսով եմ, որ այն արագ կգա»։
Միջոցառման ավարտին Վլադիմիր Զելենսկին ասել է, որ գագաթնաժողովը մեծ հաջողություն է ունեցել Ուկրաինայի համար, եւ ընդունված կոմյունիկեն լիովին բավարարել է Կիեւին։ Ուկրաինայի նախագահը նաեւ հայտարարեց հաջորդ գագաթնաժողովի մասին՝ «այն տեղի կունենա ոչ թե տարիներ անց, այլ ամիսներ անց», եւ ավելացրեց, որ «Ռուսաստանը կարող է բանակցություններ սկսել նույնիսկ վաղը, եթե իր զորքերը լքեն մեր տարածքները»։