ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը քննարկում է միջուկային հրթիռների մի մասը պահեստներից հանելու եւ պատրաստության վիճակի բերելու հարցը՝ Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից աճող սպառնալիքի պատճառով։ Այս մասին նա ասել է The Telegraph-ին տված հարցազրույցի ժամանակ։
«Ես չեմ խորանա օպերատիվ մանրամասների մասին, թե քանի միջուկային մարտագլխիկ պետք է բերել մարտական պատրաստության վիճակի եւ քանիսն է անհրաժեշտ պահել պահեստում, բայց մենք պետք է խորհրդակցենք այս հարցերի շուրջ։ Հենց սրանով էլ զբաղված ենք»,-ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը։
Նրա կարծիքով, դաշինքը պետք է «ուղիղ ազդանշան» ուղարկի իր հակառակորդներին միջուկային զինանոցի օգնությամբ։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի նպատակը «աշխարհն առանց միջուկային զենքի» դարձնելն է, բայց քանի դեռ այն գոյություն ունի, ՆԱՏՕ-ն «կմնա միջուկային դաշինք, քանի որ այն աշխարհը, որտեղ Ռուսաստանը, Չինաստանը եւ Հյուսիսային Կորեան ունեն միջուկային զենք, իսկ ՆԱՏՕ-ն՝ ոչ, դա ավելի վտանգավոր աշխարհ է»։
Սթոլթենբերգն ասել է, որ Չինաստանը մեծ ներդրումներ է կատարում ժամանակակից սպառազինությունների, ներառյալ միջուկային զինանոցի մեջ, որը, ըստ նրա, մինչեւ 2030 թվականը կհասնի հազարավոր մարտագլխիկների:
«Դա նշանակում է, որ ոչ հեռու ապագայում ՆԱՏՕ-ն կարող է բախվել այնպիսի բաների հետ, որոնց հետ նախկինում երբեք չի առերեսվել, ավելի կոնկրետ միջուկային երկու պոտենցիալ հակառակորդների՝ Չինաստանի եւ Ռուսաստանի հետ: Իհարկե դա հետեւանքներ կունենա»,-ասել է Սոտլտենբերգը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հունիսի 7-ին ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումում եւ մեկնաբանելով ուկրաինական պատերազմը, հիշեցրել է, որ ռուսական միջուկային դոկտրինում ասվում է, որ միջուկային զենքի օգտագործումը հնարավոր է երկրի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում։ Նրա կարծիքով՝ նման պահ «դեռ չի եկել»։ Միեւնույն ժամանակ ՌԴ նախագահը չի բացառել այդ դոկտրինի մեջ փոփոխություններ կատարելը։ Սրանից մի քանի օր անց ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարեց, որ Ռուսաստանը կարող է փոխել միջուկային զսպման ոլորտում հիմնարար փաստաթղթերը՝ Արեւմուտքի «անընդունելի եւ էսկալացիոն» գործողությունների պատճառով։