Շվեյցարիան կցանկանար քննարկել հունիսի 15-16-ը Ուկրաինայի խաղաղության հարցով միջազգային համաժողովի արդյունքները Ռուսաստանի, Չինաստանի եւ այլ երկրների հետ, որոնք չեն մասնակցել դրա աշխատանքներին։ Այս մասին հայտարարել է Շվեյցարիայի արտգործնախարար Իգնացիո Կասիսը համաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում, որը կոչվում է նաեւ խաղաղության գագաթնաժողով։
«Մենք Մոսկվայում ունենք դեսպանություն, եւ երկու շաբաթը մեկ մենք խոսում ենք արտգործնախարարի հետ, ուստի մտադրություն ունենք Ռուսաստանի հետ քննարկել համաժողովի արդյունքները», — ասել է Կասիսը:
Խաղաղության գագաթնաժողովը կազմակերպած Շվեյցարիայի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ Ուկրաինայի հարցում հստակ արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է հակամարտության բոլոր կողմերի, հետեւաբար եւ Ռուսաստանի մասնակցությունը։
Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարը նաեւ ասել է, որ համաժողովի արդյունքների «մանրամասն քննարկում» է նախատեսվում այն երկրների հետ, որոնք հրաժարվել են մասնակցել դրան, առաջին հերթին՝ Չինաստանի հետ։
Խաղաղության գագաթնաժողովի եզրափակիչ կոմյունիկեին ներկայումս աջակցություն են հայտնել 92 մասնակից պետություններից 80-ը։ Դրանց թվում են ԱՄՆ-ը, ԵՄ բոլոր երկրները, Ճապոնիան, Ավստրալիան, Սերբիան, Վրաստանը, Մոլդովան, Թուրքիան, Աֆրիկայի ու Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ։
Շվեյցարիայում ներկայացված մի շարք խոշոր պետություններ, ինչպիսիք են Հնդկաստանը, Բրազիլիան եւ Հարավային Աֆրիկան, չստորագրեցին կոմյունիկեն՝ պատճառաբանելով, առաջին հերթին, Ռուսաստանի մասնակցության անհրաժեշտությունը։
Կոմյունիկեն չի ստորագրել նաեւ հայկական կողմը, որը գագաթնաժողովի աշխատանքներին ներկայացնում էր ՀՀ Անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը։