Աշխարհում մշակվող միջուկային զենքերի քանակն ու տեսակներն ավելանում են, քանի որ պետություններն ավելի ու ավելի են ապավինում միջուկային զսպման միջոցներին, ասվում է «Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (Stockholm International Peace Research Institute — SIPRI) ուսումնասիրության մեջ: Ընդ որում ամենարագ աճող միջուկային զինանոցը ունի Չինաստանը։
SIPRI-ի զեկույցի համաձայն՝ միջուկային զենք ունեցող բոլոր ինը երկրները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Հյուսիսային Կորեան եւ Իսրայելը, վերջին մեկ տարվա ընթացքում շարունակել են արդիականացնել իրենց միջուկային զինանոցները, նրանցից մի քանիսը տեղակայել են նոր միջուկային զենքեր կամ միջուկային մարտագլխիկ կրելու ունակ համակարգեր:
Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները տիրապետում են աշխարհի միջուկային զենքի գրեթե 90%-ին, եւ ենթադրվում է, որ նրանց պաշարները «համեմատաբար կայուն են մնացել» 2023 թվականի ընթացքում:
Միեւնույն ժամանակ, ըստ SIPRI-ի գնահատականների, 2024 թվականի սկզբին Ռուսաստանը 36 մարտագլխիկ ավել է տեղակայել, քան մեկ տարի առաջ։ Հետազոտության հեղինակները հիշեցնում են, որ 2023 թվականին Ռուսաստանի իշխանությունները հայտարարեցին Բելառուսում միջուկային զենք տեղակայելու մասին, սակայն «չկան համոզիչ տեսողական ապացույցներ, որ մարտագլխիկների իրական տեղակայումը տեղի է ունեցել»։
Միջուկային զինանաոցը զգալիորեն կրկնապատկած Չինաստանը 2023 թվականի հունվարից մինչեւ 2024 թվականի հունվարը 410 միջուկային մարտագլխիկների թիվը հասցրել է 500-ի, նշվում է զեկույցում։ Վերլուծաբանները կանխատեսում են, որ չինական զինանոցը կշարունակի աճել։ Ենթադրվում է, որ մինչեւ տասնամյակի վերջը Չինաստանը կարող է ունենալ «մոտավորապես նույնքան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, որքան Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները»։ Նշվում է, որ չնայած սրան Պեկինը դեռ կշարունակի միջուկային մարտագլխիկների թվաքանակով զիջել Մոսկվային եւ Վաշինգտոնին:
«Չինաստանն ավելի արագ է ընդլայնում իր միջուկային զինանոցը, քան ցանկացած այլ երկիր։ Սակայն միջուկային զենք ունեցող գրեթե բոլոր երկրներն ունեն կամ ծրագրեր կամ զգալի ջանքեր միջուկային ուժեր ստեղծելու համար»,- նշել է զանգվածային ոչնչացման զենքերի SIPRI ծրագրի ավագ գիտաշխատող Հանս Քրիստենսենը։ Զեկույցում նաեւ ասվում է, որ Չինաստանն առաջին անգամ փոքր քանակությամբ մարտագլխիկներ է տեղադրել ունեցած հրթիռների վրա, որոնք ներգրավված են մարտական հերթապահության մեջ:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2024 թվականի սկզբին երկրներն ընդհանուր առմամբ ունեն 12121 միջուկային մարտագլխիկ, որոնցից պահեստներում էին 9585-ը եւ պիտանի էին հնարավոր օգտագործման համար։
SIRPI-ն նշում է, որ միջուկային զենքի վերահսկման դիվանագիտությունը «ավելի լուրջ անհաջողություններ է կրել» 2023 թվականին։ Դա մասնավորապես տեղի ունեցավ, երբ Ռուսաստանը հայտարարեց «Մարտավարական հարձակողական զենքրի պայամանագրին» իր մասնակցությունը դադարեցնելու մասին։
«Սառը պատերազմից հետո մենք դեռ չէինք տեսել, որ միջուկային զենքն այդքան մեծ դեր խաղար միջազգային հարաբերություններում: Դժվար է հավատալը, որը ընդամենը երկու տարի է անցել, երբ միջուկային զենք ունեցող հինք երկրների ղեկավարները համատեղ հաստատեցին․ «միջուկային պատերազմը հնարավոր չէ հաղթել եւ երբեք չպետք է տեղի ունենա»,- ասել է SIPRI-ի զանգվածային ոչնչացման զենքերի ծրագրի տնօրենը։