ԱՄՆ պետքարտուղարի կառավարման եւ ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման երկօրյա այցով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովին։ Բացի այս հանդիպումներ կանցկացվեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
X-ի էջում Վերման լուսանկար է հրապարակել եւ գրել․ «Բարեւ Երեւան։ Հաճելի է լինել Հայաստանում՝ ԱՄՆ-Հայաստան գործընկերության առանցքային նպատակներն առաջ մղելու եւ մեր երկրների համար ավելի լավ ապագա կերտելու համար աշխատելու։ Իհարկե անհամբերությամբ սպասում եմ համեղ դոլմային եւ լավաշին»։
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն էլ հայտնում է, որ Վերման այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ թանգարան-ինստիտուտ՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ էլ Հայաստանում էր ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը։ Նա Երեւանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ մասնակցել էր Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական երկխոսության նիստին։