Հանգստյան օրերին The New York Times-ը (NYT) հրապարակեց 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ռուսական ներխուժմանը հաջորդող խաղաղության բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանագրի նախագիծը: Փաստաթղթի շուրջ քննարկումները անցկացվել են փետրվարից մինչեը ապրիլ ընկած ժամանակահատվածը։ Դա միակ դեպքն էր, երբ ռազմական գործողությունների մեկնարկից հետո ուկրաինացի եւ ռուս պաշտոնյաները ուղիղ բանակցություններ էին վարում։
NYT-ի հրապարակած համաձայնագրերի նախագծերը թվագրված են 2022 թվականի մարտի 17-ով եւ ապրիլի 15-ով։ Սրանց զուգահեռ ներկայցված է նաեւ ռուս-ուկրաինական համատեղ «կոմյունիկեն», որը համաձայնեցվել էր մարտի 29-ին Ստամբուլում կայացած բանակցությունների արդյուքնում։
Բոլոր փաստաթղթերն հրապարակվել են ամբողջությամբ ռուսերեն եւ անգլերեն լեզուներով, իսկ դրանց իսկությունը հաստատել են բանակցությունների մասնակիցները։
Առաջին ներկայացվում է մարտի 17-ի համաձայանագրի նախագիծ, որի անգլերեն տարբերակը ուկրաինական կողմը ցույց է տվել արեւմտյան գործընկերներին։
Ըստ փաստաթղթի․
- Ուկրաինան պահանջել է միջազգային անվտանգության երաշխիքներ, առ այն, որ երկրի վրա հարձակման կրկնման դեպքում անվտանգությունը երաշխավորող երկրները պետք է աջակցեին Ուկրաինայի պաշտպանության կազմակերպմանը, այդ թվում փակելով երկրի օդային տարածքը։ Պահանջվել նաեւ, որպեսի համաձայանագրի դրույթները տարածվի Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա։
- Ռուսաստանը պահանջել է չեղարկել 2014 թվականից սահմանված պատժամիջոցները, ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի մաս, ճանաչել ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը՝ Ուկրաինայի Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի վարչական սահմաններով, արգելել «նացիզմի եւ նեոնացիզմի ցանկացած ձեւի փառաբանումն ու քարոզչությունը», ներառյալ հանրային ցույցերն ու երթերը, հուշարձանների եւ հուշահամալիրների կանգնեցումը եւ փողոցների անվանափոխությունը:
Ամերիկյան պարբերականի փոխանցմամբ ուկրաինացի բանակցողները հրաժարվել են քննարկել բոլոր պատժամիջոցները վերցնելու եւ իրավական պահանջները դադարեցնելու Ռուսաստանի առաջարկած պայմանները։ Ուկրաինական կողմը չի քննարկել նաեւ Միջազգային քրեական դատարանին երկրի չմիանալու շուրջ ներկայացված պահանջը։
Միեւնույն ժամանակ փաստաթղթերը ցույց են տալիս, որ Ուկրաինան համաձայնվում էր ընդունել Ռուսաստանի առաջ քաշած մյուս առանցքային պայմանը․ չմիանալ ռազմաքաղաքական դաշինքներին՝ առաջին հերթին ՆԱՏՕ-ին, որի դիմաց Ռուսաստանը համաձայնվում էր որպեսզի Ուկրաինան միանար Եվրոպական միությանը։
Ուկրաինան նաեւ համաձայնել է սահմանափակել իր զինված ուժերի քանակը, հրթիռային համակարգերի հեռահարությունը եւ ներկայացված այլ ռազմատեխնիկական պարամետրերը, սակայն պնդել է, որ այդ դրանք սահմանվեն հնարավորինս բարձր նշաձողով։ Օրինակ՝ Ռուսաստանը պահանջում էր սահմանափակել ուկրաինական բանակի թիվը 85 հազար զինվորով, մինչդեռ Ուկրաինան պնդել է 250 հազարի վրա։
ԱՄՆ իշխանություններին անհանգստացրել են առաջադրված պայմանները. NYT-ի փոխանցմամբ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան իր ուկրաինացի գործընկերներին ասել է, որ «դա միակողմանի զինաթափում է»։
Այս դրույթների քննարկումներից օրեր անց, 2022-ի մարտի 29-ին Ստամբուլում կրկին հանդիպել են ռուս եւ ուկրաինացի բանակցողները։ NYT-ի տվյալներով Ստամբուլի հանդիպմանը ռուսական կողմը, «ավելի քիչ ուշադրություն է դարձրել իր տարածքային պահանջներին»։ Ուկրաինան ամփոփել է առաջարկվող համաձայանգրի դրույթները երկու էջանոց փաստաթղթում, որը կոչվել է Ստամբուլի կոմյունիկե։
Ըստ այդ փաստաթղթի
- Համաձայնություն էր ձեռք բերվում, առ այն, որ Ղրիմի կարգավիճակը պետք է որոշվի 10-15 տարվա ընթացքում, իսկ Ուկրաինան համաձայնվում էր չփորձել ուժով վերադարձնել թերակղզին։
- Ուկրաինայի նածագահ Վլադիմիր Զելենսկին եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է անձամբ հանդիպեին 2022 թվականին՝ խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու համար եւ հստակեցնելու թե Ուկրաինայի որ տարածները պետք է մնային ռուսական վերահսկողության ներքո։
- Ուկրաինայի համար տրմադրվում էին անվտանգության պարտադիր երաշխիքներ, որը ենթադրում էր պայմանագրեր մի շարք երկրների հետ, որոնց թվում էին լինելու Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Թուրքիան, Գերմանիան, Կանադան, Իտալիան, Լեհաստանը, Իսրայելը։
- Երաշխավոր երկրները պետք է համաձայնվեին, որ «ագրեսիայի, Ուկրաինայի վրա ցանկացած զինված հարձակման կամ Ուկրաինայի դեմ որեւէ ռազմական գործողության» դեպքում նրանցից յուրաքանչյուրը խորհրդակցություններից հետո հրատապ եւ անհապաղ օգնություն պետք է տրամադրեին Ուկրաինային։
Պարբերականի փոխանցմամբ բանակցությունները դադարեցրած հիմնական խոչնդոտնրեը եղել են վերջին երկու կետերը։ Ռուսական կողմը պնդել էր որպեսզի երաշխավոր երկրները, որոնց թվում ինչպես նշվեց կար նաեւ Ռուսաստանը, Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում օգնությունը տրամադրեին միայն համատեղ փոխահմաձայնության դեպքում։
Նոր ագրեսիայի դեպքում սա փաստացի Մոսկվային վետոյի հնարավորություն էր տալիս։ New York Times-ին աղբյուրները պատմել են, որ հենց այս պահանջը ստանալուց հետո էր, որ ուկրաինական կողմը կորցրել էր բանակցություններին մասնակցելու հետաքրքրությունը։