ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հայտարարությունն այն մասին, որ դաշինքի երկրները քննարկում են իրենց միջուկային զինանոցները լիարժեք պատրաստության հասցնելու հարցը, լարվածության հերթական սրացում է։ Նման հայտարարություն ճեպազրույցի ըթնացքում արել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պուտինի մամուլի քարտուղարի խոսքով՝ Կրեմլին «կարողացել է» ծանոթանալ Ստոլտենբերգի հայտարարություններին։ «Սա ոչ այլ ինչ է, քան լարվածության հերթական սրացում», — բնութագրել է Կրեմլի խոսնակը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը։
Նա նաեւ հավելել է, որ, ի տարբերություն արեւմտյան երկրների գործիչների, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երբեք «իր նախաձեռնությամբ» չի շոշափում միջուկային խնդիրները, եւ ինքը շատ ուշադիր է այդ հարցի շուրջ։
«Երբ նախագահ Պուտինը խոսում է այս հարցի մասին՝ ռազմական միջուկային հարցերի մասին, նա պատասխանում է ինչ-որ մեկի հարցերին, լրագրողների հարցերին, այդ թվում՝ օտարերկրյա»,-նշել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Ստոլտենբերգի հայտարարությունը հակասում է նույնիսկ այն դիրքորոշմանը, որը արեւմտյան երկրները ներկայացրել են Ուկրաինայի հարցով Շվյեցարիայում անցկացված համաժողովի ժամանակ։
«Այն, ինչ ասել է պարոն Ստոլտենբերգը, ակնհայտորեն չի տեղավորվում նույն հռչակագրի համատեքստում, որն ընդունվել էր նախորդ օրը։ Որտեղ նաեւ ասվում է, եթե չեմ սխալվում, նման հռետորաբանության անթույլատրելիության մասին»,-ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ Սթոլթենբերգը The Daily Telegraph-ին տված հարցազրույցում խոսել էր ՆԱՏՕ-ի ներսում անցկացվող քննարկումների մասին։ Նա նշել էր, որ դաշինքը անհանգստացած է Չինաստանի աճող միջուկային հզորությունից, եւ Ռուսաստանի հեռետորաբանությունից, հետեւաբար անդամ երկրները քննարկում են, թե կոնկրետ քանի մարտագլխիկ պետք է տեղակայվի օպերատիվ մարտական վիճակում։