Հայաստանը պետք է վերաբերմունք ցույց տա այն երկրների դեմ, որոնք դիրքավորվել են հակահայկական ճամբարում։ «Ալիք մեդիա»-ի հետ զրույցում այս կարծիքն է արտահայտում քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով ՀՀ-Բելառուս վերջին օրերի զարգացումներին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ որեւէ պաշտոնյա այլեւս չի այցելի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահի պաշտոնին Ալեքսանդր Լուկաշենկոն է։
Ակնհայտ է, որ Բելառուսը վաղուց արդեն դիրքավորվել է հակահայկական ճամբարում, բացահայտ պրոադրբեջանական դիրքորոշում է որդեգրել բազմաթիվ հարցերում։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) էլ շատ հաճախ Ադրբեջանի շահերն է առաջ տանում, քան իր ֆորմալ դաշնակից Հայաստանի։
«Վերջին կաթիլը մայիսին Լուկաշենկոյի այցն էր Ադրբեջան, որտեղ նա էլի կշտամբանքներ հասցրեց հայ ժողովրդին։ Կարծում եմ՝ պատշաճ առիթ էր վերջապես դեմարշ հայտարարելու եւ վերաբերմունք ցույց տալու։ Քայլն ուշացած էր, ավելի շուտ պետք է արվեր, բայց, ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք։ Պետք է դիվանագիտական ինչ-որ ճանապարհով դեմարշ հայտարարել այն երկրներին, որոնք զգայնությունները հաշվի չեն առնում»։
ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին
Անդրադառնալով ՀԱՊԿ-ին ՀՀ-ի անդամակցությանը եւ այս իրավիճակում հնարավոր զարգացումներին՝ քաղաքագետն ընդգծում է՝ այդ կազմակերպությունը միշտ էլ ֆորմալ բնույթ է կրել։ 2021-ի իրադարձությունները վերջնականապես հաստատեցին դա։ Նա հիշեցնում է՝ նախկինում ՀԱՊԿ-ն ասում էր, որ Արցախը չի ճանաչում Հայաստանի մաս եւ այդ առումով որեւէ պարտավարություն չունի։ Դա տրամաբանական է, եւ ՀԱՊԿ-ից «նեղանալու» կարիք էլ չկա, քանզի Արցախը ե՛ւ ՀԱՊԿ-ի անդամները, ե՛ւ միջազգային հանրությունը չէին ճանաչում Հայաստանի մաս։
Բնականաբար, երբ ագրեսիա տեղի ունեցավ Արցախի դեմ, ՀԱՊԿ անդամ երկրները պարտավորություն չունեին։ Բայց իրավիճակն այլ էր 2021-ին, երբ Ադրբեջանը մի քանի անգամ ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք։
«ՀԱՊԿ-ն այդ ժամանակ բացարձակ անգործություն ցուցաբերեց այն դեպքում, երբ մինչ այդ Հայաստանի ղեկավարությունը հավաստիացրել էր, որ ՀՀ ինքինշխան տարածքը արդեն կարմիր գիծ է․ եթե այդպիսի բան տեղի ունենա, կազմակերպությունը համարժեք արձագանք է տալու։ Դա տեղի չունեցավ․ ժամանակն էր, որ ՀՀ-ն բոյկոտեր ՀԱՊԿ-ը»։
Արեւմուտքից սպառազինության ձեռքբերման հնարավորություններ
Վերլուծաբանն ընդգծում է՝ ՀԱՊԿ-ի հանդեպ նման դիրքավորումը միայն «նեղացկոտ երեխայի» պահվածք չէ, ինչպես որոշ ընդդիմադիրներ փորձում են ներկայացնել։ Հայաստանը երկար տարիներ իր սպառազինության 95 տոկոսը ձեռք է բերել ՌԴ-ից, ինչը մի շարք խնդիրներ է առաջացրել։
Ըստ Վարդանյանի՝ Հայաստանի նախկին իշխանություններն այնքան խելամիտ եւ հեռատես չեն եղել, որ փորձեին դիվերսիֆիկացնել զենքի գնումը։ Հիմնականում ռուսական սպառազինությունն էր, որը խափանվեց։ 2020-ից հետո էլ ՀՀ-ն 500 մլն դոլարի պայմանագիր է ստորագրել ՌԴ-ի հետ, որ սպառազինություն ձեռք բերի, եւ երեք տարի չի ստացել։ Մինչ այժմ էլ որոշ մասը չեն տվել, ընդ որում՝ դիտավորյալ։
«Նախկին իշխանություններն ասում էին՝ էժան՝ ՀԱՊԿ-ի ներքին գներով զենք ենք բերում ՌԴ-ից, բայց չէին հասկանում, որ դա իրականում մեծ խնդիրներ է ստեղծում մեզ համար։ ՌԴ-ն, առիթից օգտվելով, ժամանակ առ ժամանակ տորպեդահարում էր այդ գործընթացը՝ անորակ զենք տալով։ ՀԱՊԿ-ը բոյկոտելով՝ ՀՀ-ն հնարավորություն է ստանում արեւմտյան ժամանանակից սպառազինություն ձեռք բերելու, եւ այդ ուղղությամբ արդեն իսկ որոշ հաջողություններ ունենք»։
Արեւմտյան գործընկերները ՀՀ-ին զենք չէին վաճառում նաեւ այն պատճառով, որ ՀՀ-ն հանդիսանում է իրենց հետ ֆորմալ թշնամական կազմակերպության՝ ՀԱՊԿ-ի անդամ։ ՀԱՊԿ-ում զորավարժություններ են անցկացվում, որտեղ պայմանական թիրախը ՆԱՏՕ-ի անդամ երկրներն են։
«Բնականաբար այդ անդամ երկրները ՀՀ-ին՝ որպես ՀԱՊԿ անդամ երկրի, զենք չէին վաճառելու։ Այն պահից, երբ ՀՀ-ն սկսեց դեմարշ հայտարարել ՀԱՊԿ-ին, չմասնակցել կազմակերպության գագաթնաժողովներին կամ նիստերին, տեսնում ենք, որ արդեն որոշ երկրների հետ սպառազինության ձեռքբերման պայմանավորվածություններ կան։ Մասնավորապես, Ֆրանսիան հանձնառություն է ստանձնել ՀՀ-ին ՀՕՊ եւ այլ համակարգեր վաճառելու։ Իմ տեղեկություններվ՝ որոշ զարգացումներ կան նաեւ մի քանի այլ արեւմտյան՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ սպառազինության ձեռքբերման վերաբերյալ»,-ասում է վերլուծաբանը։
Իսկ ի՞նչ ռիսկեր կան
Այնուամենայնիվ, ըստ Վարդանյանի, ՀԱՊԿ-ից կտրուկ դուրս գալը եւս խելամիտ որոշում չի լինի։ Որոշակի ռիսկեր կան, որոնցով պայմանավորված էլ ՀՀ-ն դեռեւս դուրս չի գալիս այդ կազմակերպությունից։ Այս փուլում կարծես թե ՌԴ-ն էլ չի պատրաստվում գնալ կոշտ քայլերի՝ ընդդեմ Հայաստանի՝ հաշվի առնելով, որ իրենք ամբողջովին մխրճված են ուկրաինական պատերազմում, բազմաթիվ երկրների հետ խնդիրներ ունեն։
«Իրենք էլ չեն ուզում ՀՀ-ի նկատմամբ կոշտ հակաքայլերի գնալ, առայժմ միայն բավարարվում են սպառնալիքներ հնչեցնելով մերձկրեմլյան փարձագիտական հանրույթի եւ ռուս քաղաքական գործիչների շուրթերով։ Կողմերը սպասողական վիճակում են․ ՌԴ-ն էլ դեռեւս չի գնում կոշտ պատժամիջոցների՝ հույսով, որ ՀՀ-ն «կվերադառնա» ՀԱՊԿ։ Բայց ես վստահ եմ, որ ինչ-որ փուլում ՀՀ-ն դուրս է գալու ՀԱՊԿ-ից։ Դա կլինի այն ժամանակ, երբ ՌԴ-ն շատ կթուլանա եւ այլեւս մեզ մեծ վնասներ տալու կարողություններ չի ունենա»։
Ինչ վերաբերում է հայ-բելառուսական տնտեսական հարաբերություններին, քաղաքագետը նշում է, որ փոխգործակցությունը մեծ չէ։ Բայց կարեւոր է հարցը միակողմանի չդիտարկելը։ Եթե Բելառուսը գնա այդ ոլորտում կապերի խզմանը, եւս կտուժի։
«Այդ երկիրը շատ վատ վիճակում է տնտեսական առումով։ Եվրոպական շուկան փակվել է Բելառուսի առջեւ։ Բելառուսի վարչապետը ռուս-ուկրաինական պատերազմից հետո հայտարարեց, որ իր երկիրը մի քանի միլիարդ դոլարի վնաս է կրել։ Հետեւաբար՝ իրենց էլ են պետք շուկաներ։ Ինչպես ՌԴ-ն, այնպես էլ Բելառուսը դեռեւս չեն գնա կոշտ հակաքայլերի։ Իսկ ՌԴ-ն այժմ ՀՀ-ն օգտագործում է որպես տարանցիկ երկիր՝ պատժամիջոցները շրջանցելու համար, եւ իրենք էլ մեր կարիքն ունեն»,-նշում է վերլուծաբանը՝ վստահություն հայտնելով, որ Բելառուսի հաջորդ իշխանությունը քայլեր է ձեռնարկելու ՀՀ-ի հետ սասանված հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ։
Քաղաքագետը նաեւ ընդգծում է, թե Բելառուսի հետ սրված հարաբերությունները պայմանավորված չեն միայն Փաշինյանի անձով։ Նա հիշեցնում է 2020-ի պատերազմից հետո տարածված ձայնագրությունը, որտեղ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին 5 միլիարդ դոլար էր առաջարկում՝ Ադրբեջանի նախագահի կողմից՝ ազատագրված տարածքների դիմաց։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: