Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը այսօր՝ հունիսի 17-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման եւ ռեսուրսների հարցերով տեղակալ Ռիչարդ Վերմայի հետ, ով Հայաստան է ժամանել ԱՄՆ քաղաքապետերի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների պատվիրակության առաջին պաշտոնական այցի շրջանակներում:
ՀՀ արտգործնախարարության փոխանցմամբ կողմերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգի ընդլայնման հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներ:
Քննարկվել է հունիսի 12-ին Երեւանում կայացած ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը։
«Տեղյակ եք՝ մենք անցկացրեցինք Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական երկխոսության 2-րդ ամփոփիչ նիստը, եւ այս անգամ մենք ոչ միայն ընդգծեցինք մեր համագործակցությունը նոր ուղղություններով հարստացնելու ձգտումը, այլեւ որոշում կայացրեցինք աշխատել նոր հանգրվանի ուղղությամբ՝ երկկողմ հարաբերությունները բարձրացնելով նոր մակարդակի՝ ռազմավարական գործընկերության: Այսպիսով, մենք շարժվում ենք ճիշտ ճանապարհով, ունենք շոշափելի արդյունքներ, կքննարկենք ավելին»,-նշել է Միրզոյանը։
Ի պատասխան՝ Ռիչարդ Վերման նշել է. «Ռազմավարական գործընկերությունը մեծապես կարեւոր է Միացյալ Նահանգների համար, եւ այստեղի քննարկումների արդյունքում մենք ցանկանում ենք ունենալ հստակ ճանապարհային քարտեզ առ այն, թե ինչպես կարող ենք առաջընթաց գրանցել առանցքային՝ խաղաղության եւ բարգավաճման, տնտեսության, առեւտրի, մարդկանց միջեւ շփումների ոլորտներում, եւ շարունակել մեր համագործակցությունը դեպի նոր մակարդակ»։
ՀՀ ԱԳ նախարարությունը նաեւ փոխանցում է, որ քննարկել են հայ-ամերիկյան ապակենտրոնացված համագործակցության հարցեր՝ կարեւորելով Հայաստանի մարզերի ու քաղաքների եւ ԱՄՆ նահանգների ու քաղաքների միջեւ ձեւավորված համագործակցության հաստատումն ու ընդլայնման հնարավորությունները:
Արարատ Միրզոյանը եւ Ռիչարդ Վերման հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը դիտարկել են նաեւ ՀՀ դիմակայության ամրապնդման համատեքսում: Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ բարեփոխումների հաջող ընթացքին եւ այդ ուղղությամբ ԱՄՆ արժեքավոր աջակցությանը:
Տարածաշրջանային անվտանգության հարցերի համատեքստում նախարար Միրզոյանը Վերմանին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ ջանքերը: Անդրադարձ է կատարվել նաեւ տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերի եւ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման պարագայում ընձեռնվող հնարավորություններին: